Հայաստան ՏՆՏԵՍԱԿԱՆ

Կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հրավիրած առաջին ընդլայնված խորհրդակցությունը

Էկոնոմիկայի նախարարը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է, որ նման խորհրդակցությունները և հանդիպումները կրելու են պարբերական բնույթ

file_807_5931783Մարտի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է նախարար Արծվիկ Մինասյանի հրավիրած առաջին ընդլայնված խորհրդակցությունը, որին մասնակցել են նախարարի տեղակալները, խորհրդականները, նախարարության աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, նախարարության համակարգի ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարները: Այս մասին հաղորդում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կայք-էջը:

Մինչ բուն թեմային անցնելը, Արծվիկ Մինասյանը շնորհավորել է կանանց մարտի 8-ի կապակցությամբ` մաղթելով ժպիտի, շարունակական շնորհավորանքների և նորանոր ձեռքբերումների միամսյակ:

Այնուհետև էկոնոմիկայի նախարարը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է, որ նման խորհրդակցությունները և հանդիպումները կրելու են պարբերական բնույթ:

— Ձեզ հետ միասին կքննարկենք հանձնարարականների կատարման ընթացքը, կբարձրաձայնենք ոլորտներում առկա խնդիրների մասին, կլսենք զեկույցներ նաև ձեռքբերումների մասով, որպեսզի ողջ համակարգը տեղյակ լինի ընթացիկ վիճակից, և, որ ամենակարևորն է` մենք պետք է աշխատենք բաց, թափանցիկ, հրապարակային, առանց թաքցնելու այն բոլոր դժվարությունները, որոնք ծառացած են մեր առջև, — ասել է Արծվիկ Մինասյանը:

Որպեսզի հետագա աշխատանքը լինի կազմակերպված, տրամաբանված և դրան համապատասխան նաև արդյունքները լինեն չափելի, ինչը հետագայում հիմք կհանդիսանա հստակ կադրային քաղաքականության իրականացման համար, էկոնոմիկայի նախարարը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է մի քանի հիմնարար խնդիրների վրա:

Նա նշել է, որ սահմանադրական փոփոխություններն, ըստ էության, տնտեսական քաղաքականության մասով նոր մոտեցումներ են առաջադրել, ինչն առաջին հերթին վերաբերում է էկոնոմիկայի նախարարությանը, և նախարարության յուրաքանչյուր աշխատակից, անկախ պաշտոնից, պետք է իմանա, որ իր պարտականությունների մեջ է մտնում Սահմանադրության այդ նորմերը կյանքի կոչելը:

Խոսելով պետության տնտեսական կարգին վերաբերող նորմի, այն է` սոցիալական, շուկայական տնտեսության մասին, Արծվիկ Մինասյանը շեշտել է, որ անհրաժեշտ է այդ նորմը վերածել ծրագրային գործողությունների և իրական միջոցառումների, որպեսզի հանրությունը տեսնի, թե ինչ է այն իրենից ներկայացնում:

Որպես հաջորդ կարևոր խնդիր նախարարն առանձնացրել է կայուն զարգացման սահմանադրական պահանջը: Այնուհետև նա կարևորել է ընդերքի արդյունավետ կառավարումը` շեշտելով, որ Էկոնոմիկայի նախարարությունն այստեղ ոչ միայն տնտեսական պահանջների առաջադրման, այլև վերահսկման հստակ մեխանիզմներ պետք է ունենա:

Արծվիկ Մինասյանն անդրադարձել է նաև ՀՀ նախագահի փետրվարի 12-ի ելույթից բխող հանձնարարականներին` ուղղված բոլոր գերատեսչություններին և հատկապես էկոնոմիկայի նախարարությանը և արտաքին գործերի նախարարությանը: Նա հավելել է, որ դրանք ոչ միայն կոնկրետ ստորաբաժանման, նախարարության կենտրոնական ապարատի, այլ նաև բոլոր օղակների, նախարարության համակարգի բոլոր կառույցների խնդիրներն են, որոնք պետք է լուծվեն ամենօրյա օպերատիվ, նպատակային և հետևողական աշխատանքի շնորհիվ: Նախարարը նշել է, որ նախարարությունը պետք է կարգավորող մարմնից վերածվի նաև օրինակ ցույց տվող մարմնի, համակարգում գործող կազմակերպությունների նկատմամբ խիստ հակամենաշնորհային քաղաքականությունը կիրառելու միջոցով օրինակ ծառայի մյուս գերատեսչությունների և մարմինների համար:

ՀՀ նախագահի հանձնարարականների կատարման առնչությամբ Արծվիկ Մինասյանը ներկայացրել է իր տեսլականը նոր արտաքին ներդրումների ներգրավման, Հայաստանում արտադրվող ապրանքատեսակների և ծառայությունների համար նոր շուկաներ և ուղղություններ գտնելու, բյուջետային միջոցների ծախսման արդյունքը մեծացնելու և այլ խնդիրների վերաբերյալ:

Նախարարը խոսել է նաև ՀՅԴ-ՀՀԿ կուսակցությունների համաձայնագրից բխող մի շարք գործողությունների մասին` առանձնացնելով իրավունքի գերակայության սկզբունքի լիարժեք իրացումը, հանրային իշխանության և բիզնեսի միատեղումը բացառող կանոնները, անօրինական գործունեության բացառումը, Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացումը, հայկական Սփյուռքի դերի և մասնակցության նոր մեխանիզմների մշակումը, պետական սեփականության կառավարման որակի և արդյունավետության բարձրացումը, սեփականության իրավունքի և ներդրումների պաշտպանության փաթեթի մշակումն ու գործադրումը, խնայողությունների ձևավորման խթանումը, նոր ներդրումների ներգրավումը և աշխատատեղերի ստեղծումը, տարածքային համաչափ և կայուն զարգացման ծրագրերի իրականացումը, հարկային քաղաքականության վերանայումը, տարածքների համաչափ զարգացման խթանումը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության համակարգի ստեղծումը և այլն:

Բոլոր ներկայացված խնդիրների մասով նախարարը համապատասխան ստորաբաժանումների և կառույցների ղեկավարներին հանձնարարել է տալ առաջարկություններ:

Նախարարի կոնկրետ հանձնարարականներում եղել են նաև հետևյալ կետերը.

♦ Ախտորոշել ներմուծման հետ մրցակցող և արտահանող ընկերությունների կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրների առաջացման պատճառները և առկա գործիքակազմի զարգացման կամ նորերի ստեղծման միջոցով լուծել դրանք` հաղորդելով նոր ազդակներ տնտեսվարողներին:

♦ Մի շարք ուղղություններով, այդ թվում ներմուծումների ժամանակ ԱԱՀ-ի հետաձգումների մասով, իրականացնել հիմնարար փոփոխություններ, որպեսզի ցանկացած արտոնություն լինի հիմնավորված և դրանով չխաթարվի տեղական արտադրությունը, ավելին` զարգանալու հնարավորություն ունենա:

♦ Սահմանադրական նոր իրողությունների պայմաններում վերանայել հավասար մրցակցային դաշտին վերաբերող ողջ օրենսդրությունը:

♦Առավել ակտիվացնել պետություն-մասնավոր համագործակցությունը, գործող հարթակները, այդ թվում` արդյունաբերական քաղաքականության շրջանակներում ստեղծված խորհուրդների աշխատանքը:

Խորհրդակցության ավարտին Արծվիկ Մինասյանը ներկայացրել է նաև իր կադրային քաղաքականության սկզբունքները, նշելով, որ առաջնորդվելու է 3 հիմնարար մոտեցումով` արհեստավարժություն, պատասխանատվություն և հայրենասիրություն, ընդ որում ընդգծել, որ դրանցից որևէ մեկի բացակայությունը չի կարող ընդունելի լինել:

Աղբյուր՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

<span>%d</span> bloggers like this: