Hyperloop-ը բեռներն ինքնաթիռից արագ կարող է տեղափոխել

Կալիֆորնիական Hyperloop Technologies ընկերությունը ապրիլին կիրականացնի «վակուումային» խողովակով բեռների տեղափոխման առաջին փորձը: Caspian VC Partners (CVC) ընկերության գործադիր տնօրեն Ուիլյամ Շորի կարծքով, «վակուումային խողովակի» տեխնոլոգիան հիմնովին կարող է փոխել բեռների և ուղևորափոխադրումների ոլորտը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Աղբյուրի թղթակիցներ Դարյա Ստանիսլավեցի և Վերոնիկա Բուկլեյի հրապարակման մեջ նշվում է, որ ներկայումս Caspian VC-ն, Hyperloop Technologies-ից բացի, կյանքի է կոչում այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են Uber-ը, Uber China-ն, Diamond Foundry-ն:

Hyperloop-ի գաղափարն առաջ է քաշել ինժեներ, դասավանդող և ներդրող Իլոն Մասքը՝ 2012թ., ով հանդիսանում է նաև SpaceX (տիեզերական հրթիռների արտադրություն) և Tesla Motors ընկերությունների հիմնադիրը: Մասքն այն ժամանակ խոստացել էր, որ նոր տեխնոլոգիան անվտանգ է լինելու և աշխատելու է ինքնաթիռից՝ կրկնակի, գնացքից՝ 3-4 անգամ ավելի արագ: Բացի այդ՝ աշխատելու է արևի էներգիայով: Տրանսպորտային «պարկուճները» 10 վայրկյան միջակայքով տեղաշարժվելու են խողովակի միջով: Հեղինակը մասնագետների համար բացել է իր գաղափարը՝ թույլատրելով կյանքի կոչել այն:

Ներկայումս Hyperloop Technologies-ը զբաղվում է օդի քիչ քանակությամբ խողովակով ապրանքների տեղափոխման տեխնոլոգիայի մշակմամբ: Կազմակերպության համահիմնադիրը և տեխնիկական տնօրենը Բրոհան Բեմբրոհանն է՝ SpaceX-ի գլխավոր ինժեները: Աշխատակիցների ընդհանուր թիվը հասնում է 120-ի, որի 90%-ն ինժեներ են: Ընկերության ծրագրի իրականացման համար արդեն ներդրվել է շուրջ 100 մլն դոլար:

Նախատեսվում է փոխադրման արագությունը հասցնել մինչև 1200կմ/ժ-ի: Քննարկվում է խողովակների` քարից պատրաստելու տարբերակը, բայց առավել ընդունելի են մետաղական խողովակները՝ հիմնադիր ծախսերը կրճատելու համար:

РИА Новости-ին տված հարցազրույցի ժամանակ Ուիլյամ Շորը ներկայացրել է փոխադրման նոր տեսակի աշխատանքի սկզբունքը՝ նշելով. «Ապրիլին կիրականացվի առաջին բաց propulsion test-ը (ուժային համակարգի թեստավորում). աշխատանքի սկզբունքը նման է աերոհոկեյի. անօդ (բայց ոչ վակուում) խողովակի յուրաքանչյուր 5% միջակայքում տեղակայված է մագնիսական հրման կայան, որը ձեռքի նման հրում է բեռը: Առանձնահատկությունն այն է, որ հրումը խողովակի ամբողջ երկայնքով չի կատարվում, այլ՝ մերթընդմերթ՝ կրճատելով ընթացիկ ծախսերը: Բեռնարկղը շարժվում է առանց ռելսերի ընթացող օդային բարձիկի սայթաքման հաշվին:

Առաջին պատվեր

Շորը նշել է, որ փորձարման ժամանակ ի ցույց է դրվելու բեռնված «պարկուճի» հրումը դանդաղ՝ մոտ 560կմ/ժ արագությամբ: Առավելագույն արագությունը կախված է էներգիայից: Շեշտը դրվում է 1200 կմ/ժ-ի վրա. հնարավոր է և ավելի մեծ արագություն ստանալ, սակայն այս դեպքում ծախսերը կավելանան, իսկ անվտանգությունը կնվազի:

Այս տարվա չորրորդ քառորդին նախատեսվում է իրականացնել արդեն մեծամասշտաբ՝ 3,2 կմ երկարությամբ խողովակի փորձարկման հաջորդ փուլը: Նևադայում արդեն կա փորձադաշտ, և, համապատասխան թույլտվությամբ, շինարարություն է ընթանում. պատրաստվում է 3,3 մետր տրամագծով խողովակ՝ նախատեսված նաև ուղևորափոխադրման համար:

Caspian VC Partners ընկերության գործադիր տնօրենի խոսքերով, կարևոր է հիմնադիր ծախսերի հարցը՝ նոր տեխնոլոգիայի ինքնարժեքը որոշելու համար: «Այսօր հիմնադիր ծախսը յուրաքանչյուր կիլոմետրի համար կազմում է 5-20 մլն դոլար՝ կախված կիրառվող շինանյութից և տեղանքից»,- նշում է Շորը՝ հավելելով, որ տեխնոլոգիայի նկատմամբ արդեն իսկ կա հետաքրքրություն պոտենցիալ պատվիրատուների կողմից, ընկերությունը գործարքի մեջ է այնպիսի իրական բիզնեսի հետ, որը կարող է Hyperloop-ը կիրառել փոքր հեռավորությամբ տեղամասերի համար:

Տնօրենի հաղորդմամբ՝ ընկերությունը Լոս-Անջելեսի նավահանգստի հետ ուսումնասիրում է վերջինիս տարածքում և նրա շրջակայքում նոր տեխնոլոգիայի կառուցման հնարավորությունները՝ արդյունավետ փոխադրումներ իրականացնելու նպատակով: Այնտեղ բեռնափոխադրման տարածությունը կարճ է, կարևոր է խողովակից ապրանքի վերբեռնման մեխանիզմի մշակումը: Տարվում է մանրակրկիտ հետազոտություն, ինչը թե՛ նավահանգստի, և թե՛ ծրագրի համար նշանակալից համագործակցություն է: Շորը նշում է նաև, որ Hyperloop տեխնոլոգիայի շնորհիվ հետագայում հնարավոր կլինի ապրանքների վերբեռնումն ու ներբեռնումն իրականացնել հենց ծովում՝ նավահանգստում այլ բնույթի գործունեություն ծավալելու համար բավականաչափ ազատ տարածություն թողնելով:

Տեխնոլոգիայի ապագան

Եթե տեխնոլոգիան կարճ տարածությունների վրա արդարացնի իրեն, ապա հնարավոր կլինի խոսել առավել երկար ուղիների մասին, և այդ դեպքում տեխնոլոգիան կփոխի բեռնափոխադրման ամբողջ գործընթացը: Օրինակ, ինչպես նշում է Ուիլյամ Շորը, անհրաժեշտ չի լինի չինական ինչ-որ արտադրամասի հարևանությամբ սառնարաններ կառուցել՝ հետագայում ապրանքը մի քանի խմբաքանակով նավով կամ գնացքով շուկա տեղափոխելու համար: Նրա խոսքերով, բոլորն այս մասին երկար տարիներ են խոսում ու մտածում, բայց մինչ այսօր ապրանքների պահպանման վրա շատ մեծ գումարներ են ծախսվում: Ընկերության առաջարկած գաղափարի հիմքում ապրանքների արագ մատակարարումն է, ընդ որում՝  փոխադրման արժեքը երկաթգծից ու ծովային ուղիներից անհամեմատ բարձր կլինի, սակայն պահեստների հաշվին կտնտեսեն:

Համեմատության համար տնօրենը նշում է, որ «այսօր Չինաստանից Համբուրգ բեռնարկղի տեղափոխումը ծովով տևում է 7 շաբաթ՝ արժենալով մոտ 700 դոլար, ևս 1200 դոլար ծախսվում է նավահանգիստների աշխատանքի վրա: Ռուսաստանի տարածքով բեռնափոխադրումը Չինաստանից Համբուրգ առավելագույն արագությամբ ընթանալու դեպքում տևում է շուրջ 2-3 շաբաթ, բայց ծովայինից զգալի թանկ է արժենում: Թե ինչ կարժենա Hyperloop-ով նույն բեռնափոխադրումը, դժվար է ասել, բայց այն կտևի ընդամենը 10 ժամ : Այն հարցին, թե կա՞ արդյոք ապրանքների այն քանակությունը, որի համար խիստ կարևոր է 10 ժամում Չինաստանից Համբուրգ հասնելը, Շորը պատասխանել է. «Ներկայումս դրանք շատ չեն, բայց հասկանալի է, որ բազմաթիվ ընկերությունների հաշվարկների մեջ նոր տեխնոլոգիան չի մտնում: Բայց, օրինակ, Zara ընկերությունը յուրաքանչյուր 45 օրը մեկ փոխում է հագուստի տեսականին, հավանաբար նրա համար շահավետ կլիներ տեսականու անմիջապես հայտնվելը շուկայում, այլ ոչ թե ամիսներով ծովում լողալը»:

Ուղևորափոխադրումները և ծրագրերը ՌԴ-ում

Տեխնոլոգիան նպատակահարմար է կիրառել ոչ միայն բեռների, այլև ուղևորափոխադրումների համար: Ինչպես ապրանքների, այնպես էլ այս դեպքում խոսքը գնում է սկզբում կարճ հեռավորությունների վրա գտնվող տրանսպորտային խոշոր հանգույցներն այս տեխնոլոգիայով իրար միացնելու մասին:

РИА Новости-ի հաղորդմամբ՝ Շորը, հնարավոր համարելով նոր տեխնոլոգիայի հետ կապված համագործակցությունը նաև Ռուսաստանի հետ, նշում է, որ այնտեղ ևս կան վայրեր, ուր նոր տեխնոլոգիայով հնարավոր կլինի իրականացնել ուղևորափոխադրումներ 100-150 կմ հեռավորության վրա, իսկ հետագայում ավելացնել երկարությունը: Արդյունքում՝ Մոսկվայից Նիժնի Նովգորոդ Hyperloop-ի շնորհիվ հնարավոր կլինի հասնել 45 րոպեում:

Caspian VC Partners ընկերության գործադիր տնօրեն Ուիլյամ Շորը նախատեսում է, որ ուղևորափոխադրումները նոր տեխնոլոգիայով հնարավոր կլինի մեկնարկել 2017թ.-ից:

Մեկ կարծիք «Hyperloop-ը բեռներն ինքնաթիռից արագ կարող է տեղափոխել»-ի վերաբերյալ

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.