Չինաստանն ու ԱՄՆ-ը հետաքրքրված են Թուրքիայում երրորդ ատոմակայանի (ԱԷԿ) կառուցմամբ: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական Sabah-ին:
Թուրքիան երրորդ ԱԷԿ-ի շինարարության համար արդեն բանակցություններ է վարում ամերիկյան Westinghouse Electric Company-ի և չինական State Nuclear Technology Corporation (SNPTC)-ի հետ:
Աղբյուրի հաղորդմամբ, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրում կառուցվելու են երեք ատոմային էլեկտրակայաններ, որոնցից առաջինը՝ Աքքույուն, նախատեսվում է կառուցել Ռուսաստանի հետ համատեղ:
Նշվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև վերջինիս հարավում գտնվող Մերսին քաղաքի Աքքույու տեղանքում ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ միջպետական համաձայնագիրը կնքվել է դեռևս 2010թ.: Նախատեսվում է շինարարությունն ավարտել 2020թ.:
Երկրորդ ԱԷԿ-ը Թուրքիայում կկառուցվի Սև ծովի ափին՝ Սինոպ նահանգում: 2015թ. ապրիլին այդ երկրի նախագահ Ռ.Թ.Էրդողանը վավերացրել է Թուրքիայի և Ճապոնիայի միջև ատոմային ոլորտում համագործակցության վերաբերյալ դեռևս 2013թ. կնքված համաձայնագիրը: Թուրքիայում երկրորդ՝ Սինոպի ատոմակայանի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2023թ.:
Աղբյուր՝ Trend.az