Ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, հակառակորդը առաջնային գծի ողջ երկայնքով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ: Հարավարևելյան (Հադրութ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ):
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում հավատարիմ են մնացել կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել առաջնագծի ողջ երկայնքով մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
ՀՀ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է խախտման 18 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:
Աղբյուրներ՝ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն, ՀՀ ՊՆ