Անօդաչու փոքր սարքերի տարածմանը զուգահեռ մեծացել է նրանց կողմից սպառնացող վտանգը, ինչի դեմ պայքարն արդիական խնդիր է ժամանակակից զինված ուժերի համար: Naked Science-ի հաղորդմամբ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն արդեն որպես սիրողական ռմբակոծիչ է կիրառում Քվադրոկոպտերները (Quadcopter): Իրենցից պոտենցիալ վտանգ ներկայացնող թռչող սարքերի դեմ կիրառվում են բազմապիսի մեթոդներ՝ ռազմական հզոր համակարգերից մինչև ինքնաշեն միջոցներ:
Սակայն բազմաթիվ դեպքերում (օրինակ՝ լարով փամփուշտների դեպքում) դրոնների վնասազերծումն ունենում է ոչ ցանկալի արդյունքը, մասնավորապես, անօդաչուն, հարված ստանալով օդում, կարող է ընկնել բնակելի տների, տեխնիկայի կամ մարդկային կուտակումների վրա: Տարբեր երկրների ռազմական կառույցների կողմից մշակվում են ԱԹՍ-ների դեմ պայքարի այլընտրանքային միջոցներ:
Այսպես, վարժեցված արծիվները դրոնների վնասազերծման այլընտրանքային միջոցներից մեկն են:
Ֆրանսիական զինվորականները 2016թ. կեսերից սկսել են չորս արծիվների հետ դրոնների վնասազերծման վարժանքներ կատարել: Թռչունները ստացել են «Երեք հրացանակիրները» վեպի դերակատարների անունները՝ Աթոս, Արամիս, Պորտոս և դ’Արտանյան: «Դրոնների որսի» վարժանքների ընթացքում մասնագետներն արծիվներին կերակրել են սարքերի վրա ամրացված մսով:
Փորձի ժամանակ դ’Արտանյան արծիվը կարողացել է 200 մ տարածությունը հաղթահարել 20 վայկյանում՝ առևանգելով սարքը և վերջինիս հետ միասին վայրէջք կատարելով: Հատկանշական է, որ վարժանքները դեռ չեն ավարտվել. ծրագիրը նախատեսված է 24 ամսվա համար, և Ֆրանսիայի զինվորականները արծիվների հաջորդ խմբաքանակն են պատվիրել:
Հետագայում պարզվեց, որ արծիվների օգնությամբ դրոնների առևանգման փորձեր է իրականացնում նաև Նիդերլանդների ոստիկանությունը: Մասնագետների տեղեկացմամբ, արծիվներն առավել հեշտությամբ են վնասազերծում հատկապես իրենց քաշը (մոտ 5 կգ) չգերազանցող դրոնները:
Աղբյուր՝ Naked Science