Վրաստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումը՝ ապրանքների մաքսային մոնիթորինգի օրակարգով, տեղի կունենա փետրվարի 6-ին՝ Ժնեւում։ Այս մասին Կոմերսանտին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը։
Խոսքը ՌԴ-ից Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների տեղափոխման համար Լարսին այլընտրանք գտնելու մասին է։ Դեռ 2011թ. Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ համաձայնություն է կնքվել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի տարածքով բեռնափոխադրումը կազմակերպելու մասին, սակայն վրացական կենտրոնական իշխանության հսկողությունից դուրս գտնվող այդ մաքսակետերով դեռեւս Հայաստան եկող բեռնատարներ չեն անցել։
Այժմ քայլեր են ձեռնարկվում համաձայնությունը կյանքի կոչելու՝ իմպլեմենտացիայի համար։ Կարասինը նշում է, որ պետք չէ «քաղաքականացնել» եւ անհրաժեշտ է սպասել փորձագետների հանդիպմանը։
«Սկզբնական շրջանում կիրականացվի մոնիթորինգ, ժնեւյան հանդիպումից հետո՝ փետրվարի վերջին, կհանդիպենք Զուրաբ Աբաշիձեի հետ՝ քննարկելու իրագործման տարբերակները։ Արագ զարգացումների մի սպասեք։ Դրված է տեխնիկական եւ լոգիստիկ դժվարին խնդիր, որի լուծումը ժամանակ է պահանջում։ Ռուսական կողմը պատրաստ է այդ աշխատանքին» — Կոմերսանտին տված հարցազրույցում նշել է Կարասինը։
Ներկայումս ՌԴ-ից ՀՀ բեռնափոխադրման 80%-ն իրականացվում է Վերին Լարսի անցակետով։ Եղանակային վատ պայմանների պատճառով ճանապարհը հաճախ է փակվում՝ առաջացնելով մի շարք անհարմարություններ։
Փորձագետները դիտարկում են 6 այլընտրանքային ճանապարհներ՝ օդային, ջրային (Փոթիով), 3 ցամաքային (Հարավային Օսեթիա, ավարակախեթինյան ճանապարհը Դաղստանով, Վերին Լարսը) եւ երկաթուղային (Աբխազիայով անցնող Զուգդիդի-Սոչի երկաթգիծ):
Հայաստանի համար, փորձագետների կարծիքով, էկոնոմիկ տեսակետից հարմար է Նար (Հս.Օսեթիա)-Գորի՝ Հվ.Օսեթիայով անցնող ճանապարհը։ Սա Լարսից 80կմ-ով երկար է, բայց առավել նախընտրելի է՝ կլիման եւ ռելիեֆը հաշվի առնելով։
Աղբյուր՝ NEWSGEORGIA.GE