Լեհաստանից Թբիլիսի կուղարկվեն MAN մակնիշի 10-մետրանոց նոր ավտոբուսներ, որոնք համապատասխանում են քաղաքապետի եւ բնակիչների պահանջներին։ Այս մասին, Newsgeorgia.ge-ի հաղորդմամբ, հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն։
Քաղաքապետը MAN-ի գործարան է այցելել՝ անձամբ ծանոթանալու արտադրանքին, որը շուտով ծառայելու է մայրաքաղաքի բնակիչներին։
2018թ. գնված 90 ավտոբուսների մի մասն արդեն պատրաստ է։ Մեքենաների կանաչ գույնն ընտրել են Թբիլիսիի բնակիչները՝ սոցցանցերում կազմակերպված հարցման միջոցով։
Կ.Քալաձեն նշել է, որ ավտոբուսները բավականին հարմար են։ 90 հատը Թբիլիսի կբերվեն մոտ ապագայում, բայց դա բավարար չէ. եւս 220 միավոր նոր ավտոբուսների գնման համար հայտարարվել է տենդեր։
Քաղաքապետը հայտնել է, որ Թբիլիսիի ավտոբուսային պարկն ամբողջությամբ փոխվելու է։ Կարեւոր է հարմարավետությունը, որն առաջնային կլինի նաեւ երթուղային մյուս միջոցները փոխելիս. նոր մեքենաները առավել մատչելի են լինելու տեղաշարժման խնդիրներ ունեցողների համար, ունենալու են տաքացման ու հովացման համակարգեր: 27 տեղանոց ավտոբուսները կունենան նաեւ անվտանգության եւ տեսանկարահանող համակարգեր, 8 հատ USB լիցքավորման սարքեր։
Ներկայումս Թբիլիսիում գործում է 600-650 ավտոբուս, որոնցից 143-ը MAN մակնիշի են, եւ ԵՄ-ն է նվիրել Թբիլիսիին։