Փետրվարի 15-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը:
Անդրադարձ է կատարվել միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցության խթանմանը, մասնավորապես ԱՊՀ ՄԽՎ եւ ՀԱՊԿ ԽՎ շրջանակում:
Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն առանձակի կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների համանման հանձնաժողովների փոխշահավետ համագործակցությունը կոնկրետ օրակարգով, որի առանցքում կլինեն ինչպես ԵԱՏՄ շրջանակում, այնպես էլ հայ-ռուսական փոխգործակցությանը վերաբերող խնդիրները:
Միքայել Մելքումյանն անդրադարձել է նաեւ համագործակցությանը միջազգային այնպիսի նախագծերի շուրջ, որոնք երկու պետությունների հետաքրքրության առանցքում են, կարեւորել փոխգործակցությունը Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի շրջանակում:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը բարձրացրել է Վերին Լարսին այլընտրանք՝ նոր տրանսպորտային միջանցք ունենալու խնդիրը եւ կարեւորել ռուս գործընկերների աջակցությունը մասնավորապես համապատասխան օրենսդրության մշակման հարցում:
Լեոնիդ Կալաշնիկովն անդրադարձել է ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակում օրենսդրության ներդաշնակեցման խնդիրներին՝ նշելով, որ իր գլխավորած հանձնաժողովն այդ կապակցությամբ մշակել է առաջարկների փաթեթ:
Հանդիպման ընթացքում կարեւորվել է հայկական համայնքի դերը երկկողմ տնտեսական կապերի զարգացման գործում, ինչպես նաեւ փոխգործակցության խորացումը տարբեր հարթակներում:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի լրատվության բաժին