Բաքվի նավաշինական գործարանի տարածքում տեղի է ունեցել Լաչին անունը կրող նավթային տանկերի իջեցման հանդիսավոր արարողությունը։
Haqqin.az-ի հաղորդմամբ, միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆայեւը, SOCAR-ի փոխնախագահ Սուլեյման Գասիմովը, Պետական ծովային գործակալության տնօրեն Հուդրաթ Գուրբանովը, Ադրբեջանական Կասպից ծով նավագնացություն ՓԲԸ (ASCO) ղեկավար Ռաուֆ Վելիեւը եւ Բաքվի նավաշինական գործարանի գործադիր տնօրեն Իմանվերդի Հասանովը։
Տանկերի երկարությունը 141 մետր է, լայնությունը՝ 16,9, բարձրությունը՝ 6 մետր։ Տանկերի դեդվեյթը ծովում կազմում է 7884 տոննա, իսկ գետում՝ 5455։ Նավի արագությունը հասնում է ժամում 10 ծովային մղոնի (18,5 կմ/ժ): Նախագծումն իրականացրել է Օդեսսայի Ծովային ինժեներական բյուրոն։
Առաջիկա 10 տարում ASCO-ն նախատեսում է գնել 70-ից ավել նավեր՝ բեռնատար, մարդատար նավեր, տանկերներ եւ այլն։
Ներկայումս Բաքվի նավաշինարանում ASCO-ի պատվերով պատրաստվում են եւս 2 նավեր՝ Ro-Pax տեսակի։