Ճապոնական Հայաբուսա-2 տիեզերական զոնդը 3,5 տարվա թռիչքից հետո ազդանշան է ուղարկել՝ տեղեկացնելով Ռյուգու աստղակերպի գրունտային շերտից նմուշներ վերցնելու մասին։ Ria.ru-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացրել է JAXA օդատիեզերական գործակալությունը։
Աղբյուրի հաղորդմամբ, նմուշները վերցնելուց հետո զոնդը հեռացել է աստղակերպից՝ ուղեծրում մնալու մինչեւ հաջորդ վայրէջքը։
Ընդհանուր առմամբ նախատեսված է 3 նմուշառում։ Հայաբուսան (թրգմ.՝ Բազե) մետաղական փամփուշտների օգնությամբ պետք է կոտրի վերին գրունտային շերտը՝ ավելի խորքից արտաքին ազդեցության չենթարկված նյութեր հավաքելու համար։
Աստղակերպն ընդամենը 900 մ տրամագիծ ունի եւ Երկրից հեռու է մոտ 300 մլն կմ։
Զոնդի վայրէջքը կազմակերպել են 2 ռոբոտները՝ Rover-1A եւ Rover-1B, որոնք նկարել են աստղակերպի մակերեսը, եւ ընտրվել է նստեցման վայրը։
Գիտնականները ենթադրում են, որ Ռյուգուի վրա կգտնեն 4,6 մլրդ տարի առաջ Արեգակնային համակարգի ծագման եւ Երկրի վրա կյանքի առաջացման հարցերի պատասխաններ։ Աստղակերպի ուղեծիրն անցնում է Երկրի եւ Մարսի մոտ հեռավորությամբ, ինչը հիմք է տալիս կարծելու, որ գրունտի մեջ ջրի ու օրգանական նյութերի հետքեր կարող են լինել։
Հայաբուսա-2-ը Երկիր կվերադառնա 2020թ.: