Վրաստանի ՆԳՆ-ը հրապարակել է 2018թ. երկրից հեռացած եւ վերադարձած քաղաքացիների, ինչպես նաեւ Վրաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը։ Այս մասին հաղորդում է Վրաստան Online-ը։
Նախարարության տվյալներով, նախորդ տարվա ընթացքում Վրաստանի քաղաքացի հանդիսացող 3 մլն 697 հազ. 152 մարդ դուրս է եկել երկրից, վերադարձել են 3 մլն 667 հազ. 915-ը։
Այսինքն, 29 հազար 237 քաղաքացի չի վերադարձել Վրաստան։
2017թ. չվերադարձածների թիվը կազմել է 36 հազ. 750։
Վրաստանի 4584 քաղաքացի ենթարկվել է դեպորտացիայի՝ հիմնականում Թուրքիայից, Իսրայելից, Գերմանիայից։ ՌԴ-ից հետ է ուղարկվել 209 քաղաքացի, ԱՄՆ-ից՝ Վրաստանի 9 քաղաքացի։
ՆԳ նախարարության հաղորդմամբ, 2018թ. Վրաստան է ժամանել 8 մլն 326 հազ. 139 զբոսաշրջիկ, որոնցից 24 ժամից ավել Վրաստանում մնացել են մոտ 4 մլն-ը։