Վրաստանում բացվել է ավստրիական Gebrüder Weiss տրանսպորտային ընկերության առաջին լոգիստիկ կենտրոնը տարածաշրջանում։ Newsgeorgia.ge-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացրել է Վրաստանի Տարածքային զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։
Եվրոպայում առաջատար հանդիսացող Gebrüder Weiss-ն ունի ընդհանուր մոտ 7 հազար աշխատակից, 150 օբյեկտ՝ 28 երկրում։ 2018թ. ընկերության շրջանառությունը գերազանցել է 1,6 մլրդ եվրոն։
Վրացական շուկայում ավստրիական տրանսպորտային ընկերությունը գործունեություն է իրականացնում 2012թ.-ից, երբ բացվել է առաջին մասնաճյուղը։ 7 տարվա ընթացքում ընկերությունը կատարել է 15,5 մլն եվրոյի ներդրում։
Վրաստանում լոգիստիկ կենտրոնը ստեղծվել է արդեն գոյություն ունեցող տերմինալի հիման վրա։ Կառուցվել են նաեւ նոր շինություններ։ Ընդհանուր տարածքը կազմում է 90 հազար քմ, ունի 120 աշխատակից։
Ընկերության ծառայություններից առաջինն սկսել է օգտվել կենցաղային տեխնիկա արտադրող հայտնի Panasonic-ը, որը հենց Վրաստանից է իրականացնում իր ապրանքների բաշխումը դեպի տարածաշրջանի մյուս երկրներ։
2012-ից սկսած ավստրիական ընկերության վրացական մասնաճյուղը տեղափոխել է 530 հազար տոննա ապրանք՝ հիմնականում գործիքներ, ավտոպահեստամասեր, գյուղատնտեսական ապրանքներ եւ սննդամթերք։