ԱՄՆ վարած տնտեսական քաղաքականության վերաբերյալ անհանգստություններն այս օրերին հնչում են Թուրքիայի նախագահի կողմից՝ Վաշինգտոնին մեղադրելով մի շարք սկզբունքներ ոտնահարելու մեջ։
Այստեղ առաջին հերթին ակնարկվում է Դ. Թրամփի կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի սուվերենությունը ճանաչելու հանգամանքը, որն Էրդողանը որակեց տնտեսական ճգնաժամ առաջացնելու վտանգավոր քայլ։
Այսօր ԱՄՆ-ին ուղղված քննադատությանը միացավ նաեւ Ադրբեջանը՝ շեշտելով Նահանգների կողմից տարվող տնտեսական անկայուն քաղաքականությունը։
Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) Ադրբեջանի անդամակցության հարցը քննարկվում է արդեն տարիներ շարունակ, բայց հստակ արդյունք առայժմ չի նշմարվում։
Haqqin.az-ի հաղորդմամբ, պատճառները շատ ժամանակ վերագրվում են Ադրբեջանի իշխանություններին՝ մեղադրելով սեփական շահերի պրոտեկցիոնիզմի մեջ։ Խոսվում է նաեւ առանձին մոնոպոլիստների հետաքրքրությունների մասին։
Հարցն այն է, որ ԱՀԿ-ին անդամակցությունը բյուրոկրատական արգելքները կլիկվիդացնի՝ ազատ առեւտրի հնարավորություն ընձեռելով, էժան ներմուծում ապահովելով։
Սակայն վերջին շրջանում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք կասկածի տակ են դնում այդ կազմակերպությանն անդամակցելու նպատակահարմարությունը։
Պատճառները տանում են դեպի ԱՄՆ եւ անձամբ Դոնալդ Թրամփի գրասենյակ։
Հրապարակման հեղինակ Մամեդ Էֆենդիեւը մեջբերում է ՌԴ Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինի հայտարարությունը, որտեղ ԱՄՆ մեղադրվում է միջազգային հարթակում նախորդ տարիներին ակտիվ գործունեությամբ մշակված աշխատանքային սկզբունքներն աղավաղելու մեջ։
Նախարարի խոսքով, միջազգային առեւտրի ոլորտում ԱՄՆ գործելաոճը հանգեցրել է ԱՀԿ գործունեության պարալիզացմանը:
Հոդվածագիրը, համաձայնվելով ռուս նախարարի հետ, Վաշինգտոնին մեղադրում է ԱՀԿ սկզբունքների ոտնահարման մեջ՝ անընդունելի համարելով ԱՄՆ կողմից առեւտրային հարկեր սահմանելու, պատժամիջոցներ կիրառելու կամայականությունները։
Թեեւ կազմակերպության գաղափարն այլ էր եւ գլոբալիզացիայի քայլերից մեկն էր, ինչին ձգտում են բոլոր երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, բայց համաշխարհային տնտեսության զարգացման այս մոդելն իրեն սպառել է, եւ Նահանգներն անցել են պրոտեկցիոնիզմի քաղաքականությանը, ինչն ԱՀԿ սկզբունքներին հակասում է։
Այս պարագայում Համաշխարհային տնտեսությունն ինչ տեսք կունենա՝ դժվար է ասել, բայց նախկինն այլեւս չի լինի։ Այս քաղաքականության շարունակման դեպքում տնտեսական աճը զգալիորեն կդանդաղի։
ԱՄՆ կարող է իրեն թույլ տալ մեծացնել արտաքին պարտքը՝ գերազանցելով 22 տրլնի շեմը (վերջին 8 տարում կրկնապատկվել է), խախտել միջազգային մի շարք սկզբունքներ, այդ թվում՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության, նրան չեն կաշկանդում այնպիսի սկանդալները, որոնք կարող են վերաճել տնտեսական պատերազմի։ Մինչդեռ Ադրբեջանը դեռեւս ամուր հենված չէ իր տնտեսության ոչ նավթային ոլորտի վրա, ինչը ներմուծման ազատականացման դեպքում մի շարք ռիսկեր է կարող է առաջացնել։
Բաքուն այս առումով մտահոգություն ունի, քանզի անվճար պանիրը միայն թակարդում է, իսկ այսպիսի անկայուն համագործակցությունը կարող է Ադրբեջանի տնտեսության համար կործանարար լինել, ուստի ԱՀԿ-ին անդամագրումն ակտուալ չէ։