Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարել է, որ ամերիկյան «Ջևլին» (Javelin) հակատանկային հրթիռային համալիրներն արդեն ամբողջությամբ մատակարարվել են: Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը անցած նոյեմբերին էր որոշել Վրաստանին Javelin հակատանկային հրթիռներ վաճառել: Նախնական տեղեկություններով, գործարքի արժեքը 75 միլիոն դոլար է, Վրաստանը երկու փուլով ստանալու էր 410 հրթիռ, արձակման 72 համակարգ, ինչպես նաև ուսումնական վարժանքների համար նախատեսված 10 համակարգ՝ 70 հրթիռներով:
Տանկեր և զրահատեխնիկա ոչնչացնելու շարժական ամենահզոր զենքը համարվող Javelin-ի առաջին խմբաքանակը մատակարարվել է հունվարին, վերջինը` նախորդ օրերին: Ռուսաստանի ԱԳՆ կողմից Պետդեպի որոշումը տարածաշրջանում նոր վտանգավոր արկածախնդրությունների հրահրում որակավորելուն ի պատասխան վրացական կողմը հայտարարեց, որ համալիրներն օգտագործվելու են բացառապես պաշտպանական նպատակներով:
Լ.Իզորիան նշել է նաև, որ ավարտին է մոտենում հակաօդային պաշտպանության ֆրանսիական համակարգի գնման ծրագիրը, իսկ ուղղաթիռային պարկի վերանորոգման և արդիականացման համար հատկացվել է շուրջ 50 մլն լարի (ավելի քան 18 մլն դոլար):
Նախարարի խոսքով, Վրաստանը վերջին տարում ՀՆԱ 2%-ը կազմող ռազմական բյուջեի 20%-ից ավելին ուղղվել է զենքի և ռազմամթերքի գնմանը:
Խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Իզորիան պատգամավորներին տեղեկացրել է, որ առաջնահերթություն է հայտարարվել «ավելի շատ ՆԱՏՕ Վրաստանում» սկզբունքը, մասնավորապես ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին առաջարկվել է Վրաստանի իրենց կառույցներում իրականացնել ռոտացիոն վարժանքներ` վրացական ռազմական ենթակառուցվածքների կիրառմամբ: Պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից դրական արձագանք արդեն ստացված է, և բանակցություններ են ընթանում այդ նախաձեռնության ուղղությամբ: