Ապրիլի 8-ին Թբիլիսիում Վրաստանի եւ ԵՄ անդամ-երկրների առաջադեմ փորձագետների ու քաղաքագետների մասնակցությամբ տեղի ունեցավ Գյուղական համայնքների զարգացման քաղաքականություն 2020+ կոնֆերանսը։
Грузия Online-ի հաղորդմամբ, միջոցառումը նպատակաուղղված էր Վրաստանի կառավարությանը 2020-2027թթ. գյուղական համայնքների զարգացման 2-րդ ազգային ռազմավարության մշակման շրջանակներում տրամադրվող աջակցությանը։
Մասնակիցներն ուշադրություն են հրավիրել գյուղհամայնքների զարգացման քաղաքականությանն ու ինստիտուցիոնալ մեխանիզմներին, ինչպես նաեւ Վրաստանում առկա իրավիճակի նկատմամբ եվրոպական հաջողած փորձի ադապտացման միջոցներին։
Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարթցելը (Carl Hartzell) նշել է, որ Վրաստանում ներդրված եվրոպական փորձը ներկայացնում է գյուղական համայնքներում ներքեւից վերեւ մոտեցման առանձնահատկությունները, որոնք հնարավորություն են տալիս տեղի բնակիչներին՝ իրենց համայքների զարգացումը վերցնելու իրենց ձեռքը։
Կոնֆերանսը ԵՄ կողմից տրամադրվող 179,5 մլն եվրո աջակցության մասն էր կազմում։ Վրաստանն այդ աջակցությունը պետք է ստանա Գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման ուղղությամբ Եվրոպական հարեւանության 2013-2022թթ. ծրագրի (ENPARD) շրջանակներում։
Աջակցությունն ուղղված է գյուղական համայնքների զարգացման քաղաքականության մշակմանն ու գյուղատնտեսության ոլորտում գյուղական բնակչության համար տնտեսական հնարավորությունների ստեղծմանը։