КВН-ը (ՈւՀԱ — ուրախների և հնարամիտների ակումբ) և ընդհանրապես բեմական հումորը հետզհետե դառնում են լուրջ գործիք իշխանության համար պայքարում: Երբ ՀՀ մայրաքաղաք Երևանում քաղաքապետ ընտրվեց դերասան Հայկ Մարությանը, շատերը դա ընդունեցին որպես մաքուր հայկական քաղաքական ֆենոմեն, որը դժվար թե ինչ-որ տեղ կրկնվեր:
Բայդ ընդամենն օրեր առաջ` մարտի 31-ին, Ուկրաինայում նախագահական ընտրություններում գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն հավաքեց մոտ 15% ձայն, մինչդեռ ավելի քան 30% ձայների քանակով երկրորդ փուլ անցավ կրկին դերասան, կոմիկ և շոումեն, КВН վետերան Վլադիմիր Զելենսկին: Մեծ է հավանականությունը, որ հենց նա էլ կղեկավարի 40 միլիոնանոց Ուկրաինան:
Հումորիստների կողմից քաղաքական կյանքի ղեկավարման տենդենցին է անդրադարձել Kavkazplus-ը, որի հոդվածագրին մասնավորապես անհանգստացրել են Աբխազիայում հայերի հաջողությունները նախ` տնտեսական, ապա նաև ժամանցի ոլորտներում:
Հումորը, սատիրան, ՈւՀԱ-ն այսօր դառնում են քաղաքական պայքարի կարևոր բաղադրիչ: Կարելի է նույնիսկ ՈւՀԱ-յի արդյունքներով կանխատեսել, թե առաջիկա ընտրությունների արդյունքներն ինչպիսին կլինեն:
Աբխազիայում նույնպես ՈւՀԱ-ն մեծ ճանաչում ունի հասարակության շրջանում, ու այս պարագայում ուշադրության է արժանի այն, որ աբխազական ՈւՀԱ-յի հաղթողը հայկական Гумский уезд թիմն է:
Այսինքն, Աբխազիայում գլխավոր «հումորիստները» հայ համայնքի ներկայացուցիչներն են: Հայերն այստեղ վաղուց էթնիկ մեծամասնություն են կազմում` բնակչության թվաքանակով գերազանցելով նույնիսկ աբխազներին: Տնտեսությունն այստեղ հայերի ձեռքում է:
Հոդվածի հեղինակն անհանգստություն է հայտնում, որ հումորային այս ծրագրում հայերի հաղթանակը կարող է տեղափոխվել նաև քաղաքական կյանք` վերցնելով ամբողջ իշխանությունը:
Հումորիստների վերջին հաջողությունները ցույց են տալիս, որ դա հնարավոր է: Բացի այդ, աբխազներն այստեղ հայերին դիմադրելու հնարավորություն չունեն, քանի որ ամբողջ տնտեսությունը մինչ այսօր հայերի ձեռքում էր, և հիմա նաև հումորի ոլորտում նրանք դարձան գերիշխող: