Կո՞չ, թե՞՝ պահանջ. Ջավախքում վրացերենին ավելի շատ պետք է տիրապետեն

IMG_20190415_015522_550

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ջավախքի Ախալքալաքի քաղաքում մասնակցել է Մայրենի լեզվի օրվան նվիրված միջոցառմանը:

Newsgeorgia-ի հաղորդմամբ, Նախագահը տեղի բնակիչների ներկայությամբ խոսել է պետական լեզվի իմացության կարեւորության մասին։ Լսարանի ընտրությունը պատահական չէ, քանի որ Ախալքալաքիի բնակչության 85%-ը հայեր են, շատերը պետական լեզվին տիրապետում են միայն կենցաղային մակարդակում, իսկ մի մասն էլ ընդհանրապես վրացերեն չգիտի։

Զուրաբիշվիլին վրացերեն սովորելու իր կոչը մեկնաբանել է որպես սահմանադրական պարտավորության կատարում՝ նշելով, որ պատասխանատու է լեզվի տարածման, ուսումնասիրման համար։

Վրաստանի նախագահը հույս է հայտնել, որ Ախալքալաքիի բնակչությունը կսովորի պետական լեզուն գոնե այն մակարդակի, որ կարողանա քաղաքացիություն ստանալու համար քննություն հանձնել։

Աղբյուրի հաղորդմամբ, 2018թ.-ի դեկտեմբերից ուժի մեջ մտած նոր Սահմանադրությամբ երկքաղաքացիությունը Վրաստանում չի արգելվում։ Եթե նախկինում հայերը հրաժարվում էին Վրաստանի քաղաքացիությունից՝ ՀՀ անձնագրով ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելու համար, ապա այժմ կարող են լինել միաժամանակ եւ’ Վրաստանի, եւ’ Հայաստանի քաղաքացիներ։

Նախագահն ընդգծել է, որ նախկինում աշխատանքի համար քաղաքացիությունը կորցրած անձինք կարող են վերականգնել Վրաստանի քաղաքացիությունը՝ հանձնելով լեզվի քննություն։

Զուրաբիշվիլիի համոզմամբ Ախալքալաքիում վրացերենի տարածման համար անհրաժեշտ միջոցներից մեկը նոր մանկապարտեզի հիմնումն է, որտեղ ուսումնադաստիարակչական պրոցեսը վրացերենով կիրականացվի եւ հույս է հայտնել, որ հաջորդ տարի մանկապարտեզն արդեն իրականություն կլինի։

Ինչպես գիտենք, Վրաստանի հայկական բնակավայրերում կենտրոնական իշխանությունները հայերին ասիմիլացնելու տարբեր մեթոդներ են կիրառել, ինչը հանդիպել է տեղի բնակչության դիմադրությանը։ Դրանցից մեկը վրացերենի չիմացության պատճառով իրականացված կրճատումներն էին։ Հայ համայնքը բազմիցս է պահանջել հայերենին տալ շրջանային լեզվի կարգավիճակ՝ չհրաժարվելով զուգահեռ սովորել նաեւ վրացերենը։ Այսպիսի պահանջը եւ իշխանությունների քաղաքականությանն ընդդիմանալը հաճախ որակվել է որպես անջատողականություն՝ երբեմն նաեւ Վրաստանի ադրբեջանական համայնքի հրահրմամբ։

Հայերին վրաց հասարակական կյանքին ինտեգրումը կարեւոր խնդիր են համարել երկրի բոլոր ղեկավարները, ինչը սակայն վերածվել է ասիմիլացման քաղաքականության։ Մասնավորապես, Ջավախքում հայ-վրացական համալսարան հիմնելու նախընտրական խոստում էր տվել Վրաստանի արդեն նախկին ղեկավար Բիձինա  Իվանիշվիլին դեռեւս 2012թ.։ Սակայն 2016թ. JNews տեղեկատվական գործակալության լրագրողի՝ այդ խոստմանը վերաբերող հարցին ի պատասխան, Իվանիշվիլին նշել էր, որ այժմ էլ դրա անհրաժեշտությունը կա. այն կօգնի ասիմիլացման գործընթացին։

Եվ կարծես թե հիմա էլ նույն քաղաքականությունն է տարվում, բայց արդեն հաշվի են առնված հայոց դիմադրությունը, ու լեզվի տարածման հարցում իշխանությունները որդեգրել են նուրբ մոտեցում՝ վրացերենի իմացությունը սոցիալական խնդիրների լուծման միջոց ներկայացնելով։

Նախագահ Զուրաբիշվիլիի հայտարարությունն Ախալքալաքիում կրկնում է վրաց կենտոնական իշխանությունների նախկին պահանջը՝ վրացերենին առավել մեծ կարեւորություն տալու վերաբերյալ։

Այստեղ հատկանշական է, որ հայկական կողմի տեսակետը, ըստ որի հայաբնակ շրջաններում մեծ մասը չի տիրապետում վրացերենին, քանի որ միայն հայեր են, ուստի ավելի նպատակահարմար է հայերենով վարել ներքին գործավարությունը, ունի միջազգային կիրառության փորձ։ Այսպես, ԵԽ-ը դեռեւս 1992թ. է մշակել Շրջանային լեզուների կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիա փաստաթուղթը, որի համաձայն բնակչությունը, որի մայրենի լեզվին շրջանայինի կամ փոքրամասնության կարգավիճակ է շնորհվում, պետք է իրավունք ստանա սեփական լեզվով գործավարություն վարելու, կրթություն ստանալու եւ տեղեկատվության միջոցներ ստեղծելու։

Վրաստանը Եվրոպայի խորհրդին անդամակցելու ժամանակ իր վրա պարտավորություն է վերցրել խարտիան 1 տարվա ընթացքում ստորագրել եւ վավերացնել։  Թեեւ ԵԽ-ը ամենամյա հորդորներում հիշեցնում է Վրաստանին՝ կատարել ստանձնած պարտավորությունները, այնուամենայնիվ, Խարտիան ստորագրվել է, բայց մինչ օրս չի վավերացվել։

Վրացահայ գործիչները անհանգստություն են հայտնում, որ այսպիսի քաղաքականության դեպքում Ջավախքում հայերը որոշ ժամանակ անց կդադարեն տիրապետել գրական հայերենին՝ այդպես էլ չսովորելով վրացերենը։

Վահրամ Հովհաննիսյան

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.