Վրաստանն ու Բուլղարիան նախատեսում են մոտ ապագայում Արեւելքն Արեւմուտքին կապող թվային միջանցք ստեղծել՝ Սեւ ծովի երկու ափերը միացնելով օպտիկական լարերով։ Newsgeorgia-յի հաղորդմամբ, այս մասին այսօր հայտարարվել է Սոֆիայում Վրաստանի եւ Բուլղարիայի վարչապետերի հանդիպումից հետո։
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն նշել է, որ այս յուրահատուկ նախագիծն օգտակար կլինի ոչ միայն երկու երկրների համար, այլեւ ամբողջ տարածաշրջանի։
Մ.Բախտաձեն կարեւորել է այն հանգամանքը, որ Վրաստանն ու Բուլղարիան իրար հետ սահմանակից են Սեւ ծովով, ինչը մեծ պոտենցիալ ու հնարավորություններ է ընձեռնում։ Այդ պոտենցիալը կարելի է օգտագործել հատկապես տրանսպորտի ոլոտում։
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը նշել է, որ Վրաստանը Բուլղարիայի կարեւոր գործընկերն է Սեւ ծովի արեւելյան ափին, ինչպես նաեւ հանդիսանում է դեպի ծով ելք չունեցող 8 երկրների դարպասը։
Աղբյուրի հաղորդմամբ, Բուլղարիայի վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է աջակցել եվրոպական տրանսպորտային ցանցի ենթակառուցվածքների զարգացման նախագծերին, մասնավորապես թվային կապի միջոցներին առնչվող։
Օպտիկական մալուխների անցկացումը հնարավորություն կտա ամբողջ Կովկասին՝ օգտվել Եվրոպայի գերարագ ինտերնետից եւ թվային ենթակառուցվածքներից։