Ադրբեջանական ռազմատենչ ու աբսուրդ հայտարարությունները հետզհետե փոխարինվում են այլընտրանքային մոտեցումներով։
Այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարեց, որ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման, ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ միայն հայ ժողովուրդը չպետք է աշխատի. ադրբեջանական իշխանությունները եւս պիտի իրենց քաղաքացիներին տրամադրեն խաղաղությանը, պետք է վերջ դրվի ատելությանն ու սկսվեն ժողովուրդների միջեւ բնականոն հարաբերությունների հաստատման ուղղությամբ աշխատանքները, Ադրբեջանի ղեկավարությունն այդ կոչին դիմադրող հայտարարությունները նվազեցրեց։
Նախ, Վիեննայում կայացած հանդիպումից հետո Ալիեւը լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց, որ բանակցությունները դրական էին, սակայն Ադրբեջանը չի փոխել իր դիրքորոշումը Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, որն առաջին հերթին ենթադրում է ԼՂ տարածքից ՀՀ ԶՈւ դուրսբերում եւ ադրբեջանցի փախստականների վերադարձ։ Այստեղ կարելի է սա համարել նախապայման, որի իրագործման դեպքում միայն կարելի է խոսել խաղաղության մասին։
Մոսկովյան հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Է.Մամեդյարովը եւս նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ՝ կրկնելով դիրքորոշումների մասին իր ղեկավարի խոսքերը, բայց միաժամանակ շեշտելով, որ հայկական կողմը նույնպես ունի իր դիրքորոշում-նախապայմանը։
Ուշադրության է արժանի այն, որ խաղաղության դիմադրությունն ադրբեջանական կողմն արտահայտում էր Հայաստանի նոր իշխանությունների հետ շփումների սկզբնական շրջանում, ապա եւ՝ մոսկովյան հանդիպման ժամանակ եւ դրանից հետո։ Բայց բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ համանախագահող հաջորդ երկրում շարունակելու եւ հումանիտար հարցերում համաձայնությունների մասին խոսակցություններին զուգահեռ Ադրբեջանի ղեկավարությունը մի շարք հանդիպումներ ունեցավ ԵՄ եւ ՆԱՏՕ ներկայացուցիչների հետ։
Եվ ահա, երկու երկրների արտգործնախարարների՝ նախատեսվող առաջիկա բանակցություն-քննարկումներին ընդառաջ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտարարություն է տարածում, որտեղ ՀՀ իշխանություններին կոչ է անում միանալ խաղաղության եւ կայունության հաստատմանը, տարածաշրջանի զարգացմանն ուղղված ջանքերին։
Ադրբեջանի ԱԳՆ-ը, մոռանալով մինչ օրս կիրառած հռետորաբանությունը, հայտարարում է՝
ՀՀ ղեկավարությունը պետք է հասկանա, որ ստատուս-քվոն ապահով ու կիրառելի չէ, եւ այս գործընթացն ընդմիշտ շարունակել հնարավոր չէ։
Ի ուրախություն մեզ՝ ադրբեջանական կողմը հասկացել է մոսկովյան հայտարարության էությունը, որը պաշտպանում է ժողովուրդներին խաղաղության պատրաստելու անհրաժեշտությունը եւ որ հումանիտար հարցերին ընդդիմանալը կարող է վնասել առաջին հերթին իրեն՝ հատկապես արեւմտյան գործընկերների մասնակցությամբ քննարկումներում։
ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաեւայի հայտարարությունում մյուս հիմնական շեշտադրումը վերաբերում է բանակցային ձեւաչափին.
Մոսկովյան հայտարարության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարի մեկնաբանությունները լիովին համապատասխանում են 3+2 ձեւաչափով ընդունված համատեղ հայտարարությանը,- նշում է Աբդուլլաեւան։
Ակնհայտ է, որ խոսքը Արցախի՝ բանակցությունների հետագա փուլերին մասնակցությունը բացառելու մասին է, ինչի առթիվ ադրբեջանական գերատեսչության հայտարարությունում մի քանի անգամ ընդգծվում է 3+2 ձեւաչափով ընդունված համատեղ հայտարարությունը հիմք ընդունելով հետագա քննարկումները շարունակելու անհրաժեշտությունը՝ Հայաստանի իշխանություններին կոչ անելով միանալ այդ հայտարարությանը, լինել ավելի պրագմատիկ, աջակցել ու վստահել ԵԱՀԿ ՄԽ գործունեությանն՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։
Եթե պաշտոնական Երեւանը խոսում է բանակցային գործընթացում վստահության եւ անկեղծության միջոցների ձեռնարկման մասին, ապա Հայաստանում նույնպես պետք է աշխատեն փոխադարձ վստահության ձեւավորման ուղղությամբ եւ հանդես գան համապատասխան հայտարարությամբ,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունում։
Այսպիսով, Բաքուն փոխում է իր մարտավարությունը՝ հանդես գալով խաղաղասիրական հայտարարությամբ, ինչի մասին արդեն տեւական ժամանակ խոսում է հայկական կողմը։ Խնդիրն այստեղ այն է, որ Ադրբեջանն այդ խաղաղությունը շահարկում է բանակցություններում Արցախի մասնակցությունը բացառելու համար, միաժամանակ դրանով ակնկալում է Արեւմուտքի աջակցությունն առաջիկա հանդիպումների ընթացքում։