2020թ. երկրորդ կեսին ադրբեջանական գազը Տրանս-Ադրիատիկ գազատարով (TAP) կմատակարարվի Եվրոպա, իսկ արդեն այս տարվա հուլիսի 1-ից պատրաստ կլինի Վրաստանից մինչեւ թուրք-հունական սահմանը ձգվող Տրանս-անատոլիական գազատարը (TANAP)։ Haqqin.az-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ներդրումների կառավարման ղեկավար Վագիֆ Ալիեւը՝ նշելով, որ կառուցման գործընթացում խոչընդոտներ չկան։
4,5 մլրդ եվրո արժողությամբ TAP-ը Հարավային գազային միջանցք նախագծի մասն է կազմում, որի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2020թ., որպեսզի նույն տարում էլ սկսվի մատակարարումը դեպի Եվրոպա։
TAP-ը Թուրքիայի սահմանից Հունաստանի եւ Ալբանիայի տարածքներով, Ադրիատիկ ծովով հասնում է մինչեւ Իտալիա։ Այն հանդիսանում է Կասպից ծովից սկիզբ առնող եւ մինչեւ թուրք-վրացական սահմանը ձգվող SCP գազատարի, ապա եւ՝ մինչեւ թուրք-հունական սահմանը հասնող TANAP-ի շարունակությունը Եվրոպայի տարածքում։
TAP-ի բաժնետերերն են BP-ը (20%), SOCAR-ը (20%), Snam-ը (20%), Fluxys-ը (19%), Enagas-ը (16%) եւ Axpo-ն (5%):