Ուկրաինայի պահանջով այսօր Երեւանի ժամանակով 23:00-ին Նյու Յորքում տեղի կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։
Ուկրաինական իշխանությունների նման պահանջը պայմանավորված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությամբ։ Վերջինս կարգադրել է Դոնբասի բնակիչներին արագացված ռեժիմով ՌԴ քաղաքացիություն շնորհել։
ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոն լրագրողներին տեղեկացրել է, որ ռուսական իշխանությունների այդ քայլը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 2202 բանաձեւին։
REGNUM գործակալության հաղորդմամբ, Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը Մոսկվային մեղադրել է հերթական ագրեսիայի մեջ եւ Պուտինի որոշումը որակել միջամտություն Ուկրաինայի ներքին գործերին։
REGNUM-ն ավելի վաղ նշել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների բնակիչները կարող են հեշտացված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ։ Բնակիչների դիմումները դիտարկվելու են եռամսյա ժամկետում։ Ռուսերեն լեզվի քննության եւ նվազագույն ժամկետով ՌԴ-ում բնակություն ունենալու վերաբերյալ պահանջները նրանց վրա չեն ազդելու։
Դոնեցկի ինքնահռչակ ղեկավար Դենիս Պուշիլինն այս հրամանի ստորագրումը որակել է որպես պատմական կարեւոր երեւույթ։