Վրաստան-Ադրբեջան բարեկամության հետեւանքները

Երբեմնի բարեկամությունը լի է սպառնալիքներով թե’ Վրաստանի տնտեսության, թե’ այստեղ հաստատված ժողովրդավարական գաղափարների և թե’ ամբողջ տարածաշրջանի համար:

Մարտի 4-ին Բուխարեստում կայացավ Կասպից ծով-Սեւ ծով միջազգային տրանսպորտային ուղու նախագծին նվիրված հանդիպում Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքմենստանի եւ Ռումինիայի արտգործնախարարների մասնակցությամբ։ Նախագծի համաձայն, ճանապարհը կառուցվելու է Տրանսկասպյան եւ Լազուրիթյան միջանցքների հիման վրա և դառնալու է Եվրոպան ու Ասիան իրար կապող կարևորագույն ուղիներից մեկը:

Վրաստանն ու Ադրբեջանը բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացրել, և այս նոր նախաձեռնությունը երկու երկրների կարևորությունն ընդգծող հերթական քայլն է: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեռևս փետրվարի 27-ին Բաքու կատարած իր պաշտոնական առաջին այցի ընթացքում նշեց, որ Տարածաշրջանը կենտրոնական դիրք ունի, միջանցք է ու, ամենակարևորը, կայուն է, և այստեղ առկա են ներդրումներ կատարելու բոլոր նախադրյալները:
Այցի ընթացքում բազմիցս ընդգծվեցին Վրաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության հարթակները, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու դերը, որի հետ կապված, ինչպես Վրաստանի նախագահն այցի ընթացքում հայտարարեց, պայմանավորվածություններ կան Կասպից ծովից արևելք ընկած երկրների հետ: Եվրոպան Չինաստանին ու ասիական մյուս երկրներին կապող միջանցքի առումով Վրաստան-Ադրբեջան հատվածն ամենակարճն է, բայց նախագահները համոզված են, որ ենթակառուցվածքները զարգացնելու խիստ անհրաժեշտություն կա:

Այստեղ հարկ է առանձնացնել, որ այս երկու պետություններն ունեն բավականին տարբեր քաղաքակրթական մակարդակներ, սակայն տնտեսական գործոնը միավորման, միմյանց ամուր ձեռք մեկնելու կարևոր բաղադրիչ է: Վրաստանը լավագույնս վայելում է Եվրամիության աջակցությունն իր ենթակառուցվածքների զարգացման ոլորտում, ինչն ուղղակիորեն դյուրացնում է Ադրբեջանի գործը: Մյուս կողմից, Բաքուն իր կրոնական ու աշխարհագրական կարգավիճակը ծառայեցնում է Արևելակասպիական տարածաշրջանի և Վրաստանի միջև կապին: Իսկապես լավ միջանցք է` փոխշահավետ, քիչ ռիսկեր է պարունակում, մատչելի է ինչպես Արևելքի, այնպես էլ` Արևմուտքի երկրների համար:

Բայց Վրաստան-Ադրբեջան տնտեսական հարաբերությունների բոլոր ճյուղերը շրջանցում են հարևաններին, մոնոպոլիզացնում են միջանցքի դերը` անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենալով աջուձախ դիմելու սպառնալիքի: Աշխարհաքաղաքական առումով այս երկրների միջանցքային կապը ձեռնտու է խոշոր խաղացողների համար, բայց, օրինակ, ադրբեջանական կազմակերպությունների գործունեությունը հատկապես Արևելյան Վրաստանում խիստ սահմանափակում է վրացական մանր ու միջին ձեռնարկությունների գործունեությունը:

Վրաստանի ժողովրդավարական ու մաքուր աշխատելաոճը հաճախ մարում է Ադրբեջանի կոռուպցիոն ջրերում: Սա են փաստում Վրաստանում ադրբեջանական կազմակերպված համայնքների առկայությունը, դրանց ակտիվությունը և փոխարենն Ադրբեջանի` վրացիներով բնակեցված շեների սակավությունը: Այսինքն, վերպետական հարթությունում գուցե շահավետ համագործակցություն է, բայց ստորին մակարդակում` լրիվ հակառակը:

Վրաստան-Ադրբեջան միջանցքային մոնոպոլիան խիստ բացասական ազդեցություն է ունենում հարևան Իրանի, Ռուսաստանի և Հայաստանի համար: Իրանի դեպքում նվազում է իր տարածքի նշանակությունն արևելք-արևմուտք ուղիների համար, Ռուսաստանի պարագայում սա ավելի շատ ազդեցության թուլացման պատճառ է, իսկ մեզ համար պարզապես շրջափակում է նշանակում:

Խնդիրը կայանում է նրանում, որ դեևս 2005թ. ռուսական Գազպրոմի կողմից դեպի Վրաստան գազամատակարարման դադարեցման ժամանակ Ադրբեջանն իր տարածքում սահմանափակեց գազի սպառումն ու ամբողջությամբ բավարարեց Վրաստանի պահանջարկը` ընդ որում բավականին մատչելի արժեքով: Այս մասին Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլին հայտարարեց տարիներ առաջ` շնորհակալություն հայտնելով Ադրբեջանի ժողովրդին:

Իհարկե աջակցեց, բայց այսօր արդեն վրաց ժողովուրդն զգում է, որ այդ օգնության տակ թաքնված էր վրացական տնտեսական կյանքում հաստատվելու ծրագիրը, որն այսօր իրականություն է: Ադրբեջանական կազմակերպությունները և հատկապես SOCAR-ը (Ադրբեջանի նավթային պետական ընկերություն) խոշոր ներդրումներ են կատարել Վրաստանում` մի շարք ոլորտներում ձեռք բերելով մենաշնորհ: Միաժամանակ, Ադրբեջանն ու Թուրքիան վրաց-ադրբեջանական և վրաց-թուրքական տնտեսական ջերմությունը շահարկում են իրենց արտաքին քաղաքական օրակարգում: Ուստի պատահական չէ, որ Թբիլիսին փորձում է դուրս գալ այս ծուղակից` համագործակցության վերականգնման եզրեր փնտրելով Ռուսաստանի հետ, միաժամանակ փորձելով Հայաստանի հետ հարաբերությունները ծառայեցնել դրան ու Իրանից ՀՀ տարածքով եկող խողովակների մեծ ակնկալիք ունենալ:

Վրաստանում ռուսական տնտեսական ազդեցության թուլացմանը փոխարինելու եկավ թուրք-ադրբեջանականը, որի նախադրյալներն արդեն կային դեռևս 90-ականների վերջերից, երբ շահագործման հանձնվեց Բաքու-Սուփսա նավթատարը` միացնելով Կասպից ու Սև ծովերը, այնուհետև ստեղծվեցին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը և Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը: Սրանք դարձան երեք երկրների միջև տնտեսական հարաբերությունների վերելակը: Վրաստանն ու Ադրբեջանը համագործակցում են մի շարք այլ ոլորտներում` ընդգրկված լինելով բազմաթիվ կազմակերպություններում (2006-ից` Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպություն (ՎՈՒԱՄ-GUAM), որի անմիջական նպատակը անդամ երկրների տնտեսական կախվածության թուլացումն էր Ռուսաստանից` հատկապես էներգետիկայի ոլորտում, և էներգետիկ տարանցիկ ճանապարհի զարգացումը Ասիայից դեպի Կովկաս-Եվրոպա` շրջանցելով Ռուսաստանը:

1993թ.-ից գործող TRACECA միջազգային կազմակերպության դեպքում ևս Եվրոպան Սև ծովով, Կովկասով ու Կասպից ծովով Միջին Ասիային կապող ամենահարմար ուղին անցնում է Վրաստանով ու Ադրբեջանով` հասնելով մինչև Մոնղոլիա:

1992թ.-ին հիմնադրված Սևծովյան տնտեսական համագործակցությունը (ՍԾՏՀ), որն ընդգրկում է Սևծովյան տարածաշրջանի 12 պետություն, մեծ դերակատարում է վերապահում Վրաստանին, Ադրբեջանին ու վերջինիս դաշնակից Թուրքիային, որտեղ էլ գտնվում է Կազմակերպության գլխավոր գրասենյակը (Ստամբուլ): Պարսից ծոցի տարածաշրջանից հետո Սևծովյան տարածաշրջանը երկրորդն է բնական գազի և նավթի պաշարներով, որոնք Բաքվի հիմնական խաղաթուղն են:

Ադրբեջանն ու Վրաստանը համագործակցում են բազմաթիվ այլ կառույցների շրջանակներում, բայց նրանց հիմնական առանձնահատկությունը Թուրքիայի համար հուսալի միջանցք ծառայելն է: Այստեղ պետք է հասկանալ նաև Վրաստանի համար այլընտրանքի բացակայությունը. եթե Արևելյան Վրաստանում մեծ ազդեցություն ունի Ադրբեջանը, ապա սևծովյան հատվածում թուրքական կազմակերպություններն են արդեն գերակշռում Վրաստանի համար ռազմավարական նշանակության օբյեկտներում: Օրինակ, Աջարիան և մասնավորապես Բաթումին գրեթե ամբողջությամբ տնօրինում են թուրքական տնտեսվարողները, իսկ քաղաքական առումով գաղտնիք չէ, թե ինչ նպատակներ ունի Անկարան Բաթումիի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Բաթումիի օդանավակայանը Թուրքիայի համար ներքին կարգավիճակ ունի: Այստեղ նույնիսկ ամբողջական թաղամասեր են արդեն պատկանում Թուրքիայի քաղաքացիներին: Վրաստանի ղեկավարությունը լավ գիտի թուրքական նկրտումները, այդ իսկ պատճառով չի կարող թույլ տալ լարվածություն իրենց հարաբերություններում:

Պաշտոնական Թբիլիսին 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո, կորցնելով տարածքի մի մասը, Արցախյան հիմնախնդրի հարցում չեզոքությունից անցում կատարեց դեպի ադրբեջանամետություն: Ինչո՞ւ, որովհետև այդ պատերազմի հետևանքով ընկավ թուրք-ադրբեջանական ազդեցության տակ, ու այսօր էլ Բաքվի շարադրած տեքստերն օկուպացիայի մասին հարկադրաբար կրկնում է` Աբխազիան և Հարավային Օսիան նույնացնելով Արցախի հետ և պաշտպանելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Հայաստանը բազմիցս է դիմել Վրաստանին` Աբխազիայի տարածքով Ռուսաստան անցնելու հարցի լուծման համար, սակայն այդ համատեքստում խնդիրը դեռ իր տեղում է: Ներկայումս երևում է, որ Վրաստանը հասկացել է իր կարգավիճակը և փորձում է դուրս գալ ճիրաններից` համագործակցության եզրեր փնտրելով Ռուսաստանի հետ: Սակայն Ադրբեջանը, դրան ի պատասխան, օգտագործեց Ջավախքում Արցախյան պատերազմի հայ ազատամարտիկի կիսանդրին կանգնեցնելու առիթը և հայտարարեց Վրաստան մատակարարվող գազի գնի բարձրացման մասին: Սա շանտաժ էր, ինչին մի օր առերեսվելու էր թուրք-ադրբեջանական բարեկամությունը վայելող երկիրը:

Ս.թ. փետրվարի 27-28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Իրանում էր, որտեղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց. «Բանակցությունների ընթացքում Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության տեսանկյունից դիտարկեցինք համագործակցությունը եռակողմ` Վրաստանի և քառակողմ` Ռուսաստանի հետ, ձևաչափերով: Գազի ոլորտում համագործակցության ուղղությամբ հայտնեցինք իրանական կողմի պատրաստակամությունը` մատակարարումների ծավալները ավելացնելու ուղդությամբ: Պատրաստ ենք նաև եռակողմ համագործակցություն ծավալելու` գազը արտահանելու դեպի Վրաստան»: Քննարկվել է նաև Պարսից ծոցը Սև ծովին Հայաստանի միջոցով կապելու հարցը:

Այս հայտարարություններից հետո Վրաստանում դրական արձագանքի նշաններ երևացին, որը դեռևս Ադրբեջանի հետ հարաբերությունները չլարելու անհրաժեշտությամբ պայմանավորված` շատ չի բարձրաձայնվում:

Նմանատիպ քաղաքական խոսակցություններին անմիջապես հաջորդում են Ադրբեջանի կոշտ պահանջները: Բացի գազի գնի թանկացումը, Ադրբեջանը Վրաստանի հետ սահմանի նկատմամբ է արդեն դիրքորոշումը խստացնում. 1997-2007թթ. իրականացվել է վրաց-ադրբեջանական 446 կմ-անոց սահմանի քարտեզագրում և առանձնացում, որի ընթացքում սահմանազատվել է մոտ 70%-ը, մյուս մասը դեռ վիճելի է: Այստեղ հատկապես խնդրահարույց են Էրիսիմեդի գյուղի և Դավիդ Գարեջիի վանական համալիրի պատկանելիությունը: Վերջինս Ադրբեջանն այսօր պատմական կեղծ տվյալներով փորձում է իրեն վերագրել: Թեև Բաքու կատարած այցի ժամանակ նախագահները պայմանավորվեցին մոտ ապագայում լուծել այդ հարցը, սակայն վրաց հասարակությունը մտադիր չէ հօգուտ Ադրբեջանի կարգավորել սահմանազատումն այս հատվածում:

Նշեմ, որ վերջին օրերին լարվածության փոքր-ինչ աճ նկատվեց հատկապես Դավիդ Գարեջիի ժայռափոր վանական համալիրի հետ կապված, երբ ադրբեջանցի սահմանապահները փակել էին մուտքը դեպի վանքերից մեկը։

Եվ վերջում, սահմանների մասին խոսելիս չպետք է մոռանալ այն հանգամանքը, որ Ադրբեջանը ահաբեկչական կազմակերպությունների հովանավորման հարուստ փորձ ունի, իր տարածքում գործում են այդպիսի խոշոր կազմակերպություններից շատերի գրասենյակները, ինչը Վրաստանի համար արդեն տևական ժամանակ սպառնալիք է դարձել, որը կարող է մեծանալ: Ահաբեկիչները հեշտությամբ կարող են Ադրբեջանից անցնել Վրաստան` վտանգ ներկայացնելով ոչ միայն բուն Վրաստանի, այլև վերջինիս տարածքով անցնող միջազգային տրանսպորտային և էներգետիկ ուղիների համար:

Այս և մի շարք այլ հանգամանքներ Վրաստանին ստիպում են վերաձևակերպել Ադրբեջանի հետ հարաբերությունները, որն արդեն բավականին ժամանակ է դուրս է եկել փոխադարձ շահեկան կարգավիճակից և այսօր առավելապես ծառայում է ադրբեջանական քաղաքական-տնտեսական շահերին: Երբեմնի բարեկամությունը լի է սպառնալիքներով թե’ Վրաստանի տնտեսության, թե’ այստեղ հաստատված ժողովրդավարական գաղափարների և թե’ ամբողջ տարածաշրջանի համար:

Տարածաշրջանային հարցերի մասնագետ Վահրամ Հովհաննիսյան

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին

5 կարծիք «Վրաստան-Ադրբեջան բարեկամության հետեւանքները»-ի վերաբերյալ

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.