Բրիտանական ռազմածովային նավատորմի HMS ECHO ռազմանավը մտել է Բաթումիի նավահանգիստ։
Հետախուզական նավի մուտքը սեւծովյան ավազան պայմանավորված է միջազգային ջրերում ազատ նավագնացության սկզբունքներին Բրիտանիայի աջակցությամբ։ Նավը Սեւ ծով էր մտել ապրիլի 20-ի գիշերը:
Ռազմանավի հրամանատար Պիտերո Ռուդոլֆի, նավի անձնակազմի եւ Վրաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի դեսպան Ջասթին Մ.Սմիթի հետ հանդիպել է Աջարիայի կառավարության ղեկավար Թոռնիկե Ռիժվաձեն։
Վերջինս նշել է, որ Աջարիան իր աշխարհագրական դիրքի շնորհիվ մեծ դերակատարում ունի տնտեսական, զբոսաշրջային եւ ռազմավարական հարաբերությունների զարգացման գործում։
Վրաց-բրիտանական հարաբերությունները կայուն զարգանում են քաղաքական, պաշտպանական եւ տնտեսական ոլորտներում։ Եվրոպական եւ եվրաատլանտյան ներգրավումը Վրաստանի միջազգային եւ անվտանգության քաղաքականության առաջնահերթությունն է եւ կարեւոր է, որ հենց Մեծ Բրիտանիայի թագավորությունն է աջակցում այս ուղղություններում,- ընդգծել է Աջարիայի վարչապետը։
Աջարիայի կառավարության տվյալներով բրիտանական ներդրումները Վրաստանում էականորեն աճել են։ Նախորդ տարում բրիտանական ուղղակի ներդրումները կազմել են 203,7 մլն դոլար։ Աճել է զբոսաշրջիկների հոսքը։ Շաբաթական 5 ուղիղ չվերթ է իրականացվում Վրաստանից դեպի Լոնդոն։