Հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող։
Ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է նաեւ, որ մայիս 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:
Վիրավորում ստացած զինծառայողը անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: