ԱԺ պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը պատասխանել է RegSt-ի հարցերին՝ Ադրբեջանում սպասվող քաղաքական իրադարձությունների, Արցախյան հարցի վրա գազային քաղաքականության հնարավոր ազդեցության եւ վրաց-ադրբեջանական սրված հարաբերությունների մասին։
REGST. Այս տարի Վրաստանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածություն է նկատվում, ինչն օրերս արտահայտվում է սահմանային միջադեպերով (Դավիդ Գարեջիի վանական համալիրի հետ կապված)։ Ձեր կարծիքով` սա զուտ սահմանազատմա՞ն անհամաձայնություն է, թե՞ այլ խնդիրներ էլ կան։
Տաթեւիկ Հայրապետյան: Վրաստան-Ադրբեջան հարաբերությունները բազմաշերտ են և ինչ-որ տեղ նաև փոխազդվում են Վրաստան-Հայաստան հարաբերություններից: Հարկ է հաշվի առնել, որ կա սերտ համագործակցություն Վրաստանի և Ադրբեջանի միջև էներգետիկ ոլորտում: Սակայն վերջին շրջանում, կարծում եմ, լարվածության իրական պատճառը սահմանային միջադեպի հետ էր կապված, որը զգայական արձագանքներ գտավ և’ ադրբեջանական, և’ վրացական հանրությունների ներսում:
REGST. Ադրբեջանական գազը շուտով մեծ ծավալներով կհասնի Եվրոպա (TANAP, TAP)՝ ընդ որում` եվրոպական ներդրումներով կառուցվող գազատարներով։ Սա կարո՞ղ է հետագայում անդրադառնալ Արցախյան հիմնախնդրի կարգավորման վրա՝ եվրոպական երկրների կողմից Ադրբեջանի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ձևավորելու առումով։
Տաթեւիկ Հայրապետյան: Գաղտնիք չէ, որ էներգետիկ գործոնը փոքր դեր չի խաղում պետությունների միջև հարաբերություններում: Այդուհանդերձ, հաշվի առնելով մարդու իրավունքների հարցում եվրոպական արժեհամակարգն ու ստանձնած հանձնառությունները, ադրբեջանական գազը չպետք է դառնա գործոն և ազդեցություն ունենա Արցախի հիմնահարցի կարգավորման վրա:
REGST. Հնարավո՞ր եք համարում, որ Ադրբեջանում առաջիկա 5 տարում տեղի կունենան քաղաքական այնպիսի փոփոխություններ, որոնք դրական կանդրադառնան ամբողջ տարածաշրջանի և հատկապես Արցախի հարցի խաղաղ կարգավորման վրա։
Տաթեւիկ Հայրապետյան: 2020 թ. Ադրբեջանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ: Հաշվի առնելով, որ Իլհամ Ալիևի և իշխող ուժի դեմ դժգոհությունը փոքր չէ և վերջին շրջանում ավելի ցայտուն է արտահայտվում՝ գալիք ընտրությունները յուրատեսակ փորձություն են լինելու իշխող «Յենի Ազերբայջան» ուժի համար, բացառված չէ, որ որոշ նոր ուժեր կփորձեն անցնել խորհրդարան: Մասնավորապես, նախկին քաղբանտարկյալ Իլգար Մամեդովը արդեն հայտնել է, որ քաղաքական փոփոխության հիմքը տեսնում է գալիք ընտրություններով խորհրդարան անցնելը: Այդուհանդերձ, 80-ականների վերջի և 90-ականների սկզբի իրադարձություններն Ադրբեջանում գալիս են փաստելու, որ անգամ ավելի լիբերալ ուժերի ակտիվության պայմաններով ինչ-որ պահի գերակա դիրքեր են ձեռք բերում ազգայնականները: Ուստի կա մտավախություն, որ Ադրբեջանի ներսում առկա ներիշխանական կոնֆիգուրացիայի այս պայմաններում Իլհամ Ալիևին այլընտրանք դիտվեն ավելի ծայրահեղ հայացքներ ունեցող ազգայնականները կամ անգամ իսլամիստական ուժերը: Կարծում եմ նաև, որ Իլհամ Ալիևը իր քայլերով հիմք է նախապատրաստում, որ իրեն հաջորդի կինը՝ Մեհրիբան Ալիևան և վերջինիս աջակցող Փաշաևների կլանը: Պատասխանելով հարցին՝ ոչ, քիչ հավանական եմ համարում, որ գան այնպիսի ուժեր, որոնք կձգտեն տարածաշրջանային խաղաղություն և համագործակցություն հաստատել:
Հարցերին պատասխանեց ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը։