Չինաստանը պատրաստ է մասնակցել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցմանը

IMG_20190514_171812_150Երկկողմ համագործակցությունը կզարգանա առևտրաշրջանառության, արդյունաբերության, տրանսպորտի, մշակույթի և հումանիտար ոլորտներում:

Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ:

ՉԺՀ նախագահը նշել է, որ ուրախ է հյուրընկալել վարչապետ Փաշինյանին և շնորհակալություն հայտնել նրան Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար: Սի Ծինփինը նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը: ՉԺՀ նախագահը խոսել է հայ-չինական մշակութային և պատմական ամուր փոխհարաբերությունների մասին և հավելել, որ այն նաև Մետաքսե ճանապարհի արդյունքն է:

Մենք հայ ժողովրդին լավ ենք ճանաչում, մեզ հայտնի են Արամ Խաչատրյանի, Արտեմ Միկոյանի, Հովհաննես Թումանյանի անունները: Մեզ միավորում են քաղաքակրթությունների համագործակցության ընդհանուր նպատակները: Մենք քաջածանոթ ենք Հայաստանի պատմական նշանակալի իրադարձություններին: Համոզված ենք, որ ապագայում պետք է բացառվեն հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքերը,- ասել է Սի Ծինփինը:

Նա ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է մասնակցել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման և այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը:

ՉԺՀ նախագահի խոսքով` հայկական որոշակի արտադրատեսակներ վերջին շրջանում հաջողությամբ մասնակցել են Չինաստանում անցկացված ցուցահանդեսներին և ներկայացված են շուկայում: Սի Ծինփինը վստահություն է հայտնել, որ երկկողմ համագործակցությունն առաջիկայում կզարգանա առևտրաշրջանառության, արդյունաբերության, տրանսպորտի, մշակույթի և հումանիտար ոլորտներում: ՉԺՀ նախագահը միաժամանակ հավելել է, որ իր երկիրը հետագայում ևս աջակցություն է ցուցաբերելու այնպիսի նախագծերին, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանն ու հայ ժողովրդի բարեկեցության բարձրացմանը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սի Ծինփինին Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն համաժողովին հրավիրելու և այս հանդիպման հնարավորության համար, ինչը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ համագործակցության հեռանկարները:

ՉԺՀ-ի հետ հարաբերությունները Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում է: Մեր երկու ժողովուրդները ներկայացնում են հին քաղաքակրթություններ, հայկական ձեռագրերում դեռ հինգերորդ դարում նկարագրվում է երկու ժողովուրդների կապերի մասին: Այդ կապերն ունեցել են առևտրային, հումանիտար և քաղաքական բնույթ: Մեզ համար շատ կարևոր է կառուցողական և արդյունավետ հարաբերությունները Չինաստանի հետ,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի կառավարության ղեկավարը հավելել է, որ տպավորված է Չինաստանի զարգացման օրինակով և շնորհավորել Սի Ծինփինին ՉԺՀ-ի կազմավորման 70-ամյակի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Մեկ գոտի մեկ ճանապարհ նախաձեռնության շրջանակում Չինաստանի հետ համատեղ նախագծերի իրականացմամբ և հավելել, որ հայկական կողմը դիտարկում է մասնակցությունն ավտոտրանսպորտային, երկաթուղային, տեղեկատվական ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը։

Նիկոլ Փաշինյանը Սի Ծինփինին է ներկայացրել Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները և ընդգծել, որ այսօր մեր երկիրը դինամիկ զարգացող պետություն է` քաղաքական կայունությամբ և կանխատեսելիությամբ:

Երկու պետությունների ղեկավարները ջերմ, բարեկամական և փոխվստահության մթնոլորտում մտքեր են փոխանակել հայ-չինական հարաբերությունների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային քաղաքականության արդիական հարցերի վերաբերյալ։

Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցության զարգացումը գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, կրթության և այլ ոլորտներում:

Կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության քայլերը քննարկել գերատեսչությունների մակարդակով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Ղարաբաղյան հակամարտությանը և նշել, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի երկխոսության ճանապարհով:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.