Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում կարճ զրուցել են ընթացիկ իրավիճակի շուրջ։
Ազատության հաղորդմամբ, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ դեռ չեն հստակեցրել հաջորդ բանակցությունների օրն ու վայրը։
Հնարավոր չէ լուծել որևէ հակամարտություն` կենտրոնանալով միայն ներգրավված կողմերից մեկի շահերի վրա, որովհետև կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամենակարևոր խոչընդոտը Ադրբեջանի դիրքորոշումն է` չերկխոսել Ղարաբաղի հետ: Ճշմարտությունն այն է, որ այս հակամարտությունը երեք կողմ ունի` Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան: Մենք կարծում ենք, որ շատ կարևոր է ունենալ բանակցային պատշաճ շրջանակ, որ հնարավոր լինի լուծել այս հակամարտությունը, — նշել է Հայաստանի վարչապետը։
Ազատության հարցին՝ նորից հանդիպելու ծրագրեր կա՞ն, Հայաստանի վարչապետը պատասխանել է.
Դեռ պլաններ չկան, բայց վստահ եմ` որ բանակցությունները շարունակվելու են: Շատ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, դա շատ կարևոր է: Առանց Լեռնային Ղարաբաղի հնարավոր չէ ունենալ հարցի իրական կարգավորում։
Հիշեցնենք, Փաշինյանն ու Ալիևը Եվրամիության մայրաքաղաք Բրյուսելում մասնակցում էին Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից տրված ճաշին` Արևելյան գործընկերության 10-ամյակի առթիվ: