Պետական խոշոր ընկերություններին բնորոշ են անարդյունավետությունը, ընտրովի վերաբերմունքը եւ հովանավորչությունը. Կոբուլիա
Գեորգի Կոբուլիան հայտարարել է, որ իրեն պաշտոնից ազատել են Կառավարության հետ ունեցած անհամաձայնության պատճառով։
Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի պաշտոնից Կոբուլիայի ազատման հրամանն անսպասելիորեն հրապարակվել է ապրիլի 18-ին, ինչի կապակցությամբ նախկին նախարարն այսօր հաշվետվություն է ներկայացրել պատգամավորներին։
Կոբուլիան նշել է, որ բազմաթիվ հարցեր կային, որտեղ տեսակետները չեն համընկել ղեկավարության հետ։
Խոսքը վերաբերում է տնտեսության տարբեր հատվածներում այլընտրանքային ընկերությունների ներգրավմանը, էլեկտրաէներգիայի գնմանը եւ այլն։
Նախկին նախարարի հայտարարությունում առանձնահատուկ ուշադրության է արժանի կառավարման համակարգին առնչվող իրավիճակի նկարագրությունը.
Գործել է ոչ ֆորմալ խաղի կանոնների սկզբունքը. պաշտոնին նշանակվելուց առաջ պայմանավորվել ենք, որ տարբեր հարցերին տարբեր մոտեցումներ չեն լինելու, բայց պահպանվեցին ոչ պաշտոնական կանոնները։
Պետական խոշոր ընկերություններին բնորոշ են անարդյունավետությունը, ընտրովի վերաբերմունքը եւ հովանավորչությունը,- նշել է Կոբուլիան։
Նախկին նախարարն օրինակներ է բերել ներդրողների հետ կապված եւ կադրերի վերաբերյալ որոշումների ընդունման միտումնավոր ձգձգումները։
Կոբուլիան, պատասխանելով պատգամավորների հարցերին, հաստատել է, որ երկրում գործում է ոչ պաշտոնական կառավարում, ինչի պայմաններում ի վիճակի չի որոշումներ ընդունել եւ ղեկավարել նախարարությունը։
Եվրոպական Վրաստան կուսակցության պատգամավոր Գիգա Բոկերիան համոզմունք է հայտնել, որ Կոբուլիայի ազատումը իշխող կուսակցության միանձնյա ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի որոշումն է, ինչը փաստում է, որ Վրաստանում կոռուպցիան եւ անգործությունը խորանում են։
Անկախ պատգամավոր Լեւան Կոբերիձեն հայտարարել է, որ ինքը Կոբուլիայից լսել է Վրաստանի տնտեսության իրական պատկերը։
Նախկին նախարարն, ըստ էության, ցույց տվեց, թե որտեղ է տնտեսության իրական խնդիրը՝ նշելով, որ երկրում գործազուրկներն իրականում 50% են կազմում, այլ ոչ թե վիճծառայության ներկայացրած 12%-ը։