Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի վերաբերյալ:
Անդրադարձ է եղել գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, գյուղտեխնիկայի և ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության (լիզինգ), ոռոգման արդիական համակարգերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի տեղադրման, խելացի անասնաշենքերի կառուցման, տավարաբուծության, տեղական սերմնաբուծության ծրագրերի միջանկյալ արդյունքներին: Նշվել է, որ ծրագրերն իրականացվում են նախատեսված միջոցառումների և աշխատանքների շրջանակում:
Վարչապետը, կարևորելով գյուղի և գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի պատշաճ իրականացումը, միևնույն ժամանակ անհրաժեշտ է համարել ֆերմերների և գյուղացիական տնտեսությունների հետ խորհրդատվական և իրազեկման աշխատանքների շարունակական իրականացումը:
Կառավարության անդամները, նախարարությունները, փոխնախարարները, յուրաքանչյուրն իր ոլորտում պետք է գաղափարախոսի դերակատարում ունենա: Սա ամենակարևորն է: Այսինքն՝ ինքն անընդհատ պետք է մարդկանց հետ խոսի և բացատրի՝ մենք ինչ ենք անում, ինչ պետք է անենք, ինքն ինչ պետք է անի: Մինչև ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի, — նշել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև գյուղատնտեսական ապրանքների արտահանման խնդրին, և կարևորելով այդ ցիկլի անխափան ապահովումը, հանձնարարականներ տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին: