96 կամուրջ, 53 թունել. Վրաստանում մեկնարկել է Եվրոպական տրանզիտային E-60 արագընթաց ավտոմայրուղու ամենաբարդ տեղանքի շինարարությունը։
Աշխատանքներն իրականացվում են Խեւի-Ուբիսա (12,2 կմ) եւ Ուբիսա-Շորոպանի (13 կմ) հատվածներում, որոնք համարվում են մինչեւ Թուրքիայի սահմանը ձգվող Արեւելք-Արեւմուտք ամենաերկար արագընթաց ավտոմայրուղու ամենաբարդ հատվածները։ Ինժեներական տեսանկյունից Եվրոպական տրանզիտային E-60 ավտոճանապարհը Հարավային Կովկասում աննախադեպ նախագիծ է:
Խեւի-Ուբիսա հատվածի շինարարությունը՝ 732 մլն լարի արժեքով, ֆինանսավորում է Ասիական զարգացման բանկը (ADB), իսկ Ուբիսա-Շորոպանի հատվածի 902 մլն լարին՝ Եվրոպական ներդրումային բանկը (EIB):
Ռիկոտի լեռնանցքով անցնող այս հատվածների առանձնահատկությունն այն է,որ 52կմ երկարությամբ ձգվող արագընթաց ավտոմայրուղին ունենալու է 96 կամուրջ (ընդհանուր՝ 21 կմ), 53 թունել (36 կմ ընդհանուր երկարությամբ): Նախագիծը նախատեսվում է ավարտել 2022թ.:
Արդյունքում վրաց-ադրբեջանական սահմանի Կարմիր կամուրջ անցակետից մինչեւ թուրք-վրացական սահմանի Սարպի անցակետը հասնելու համար կպահանջվի կրկնակի քիչ ժամանակ՝ 8-ից դառնալով 4-4,5 ժամ։
Ֆրանսիայի Բրեստ քաղաքից մինչեւ Ղրղզստանի Իրքեշթամե բնակավայրը ձգվող Եվրոպական տրանզիտային E-60 արագընթաց ավտոմայրուղու վրացական հատվածի երկարությունը 392կմ է։ Դրանով իրականացվող փոխադրումների 60%-ն արտաքին են։
Արեւելք-Արեւմուտք ավտոմայրուղին մեծ նշանակություն ունի Վրաստանի եւ մի կողմից՝ Կենտրոնական Ասիայի ու Հեռավոր Արեւելքի, մյուս կողմից՝ Թուրքիայի եւ Եվրոպայի միջեւ տնտեսական հարաբերությունները զարգացնելու առումով։