Վրաստանում նվազագույն աշխատավարձն ընդամենը 7,2 դոլար է, բայց ամսական միջին աշխատավարձն այստեղ բավականին բարձր է։
Ադրբեջանում նվազագույն աշխատավարձը 2018թ հունվարի 1-ից սահմանված է 130 մանաթ (76,7 դոլար)։ Մինչ այդ, 2013-2017թթ. կազմել է 105 մանաթ (62 դոլար):
Հայաստանում նվազագույն աշխատավարձը 2015թ.-ից չի բարձրացվել եւ կազմում է 55 հազար դրամ (114 դոլար): Այդուհանդերձ, այն Հարավային Կովկասում ամենաբարձրն է։
Դա արդյունք է այն հանգամանքի, որ Հայաստանում ազգային արժույթը ԱՊՀ երկրների համեմատ ավելի կայուն է եղել՝ դոլարի նկատմամբ քիչ արժեզրկվելով, իսկ ինֆլյացիան ամենացածրն է եղել։
Ներկայումս նախատեսվում է բարձրացնել նվազագույն աշխատավարձը՝ ավելացնելով 10 հազար դրամով։ Դրա վերաբերյալ արդեն կա օրենսդրական նախաձեռնություն։
Վրաստանում նվազագույն աշխատավարձ հասկացության հստակ տեսլական չկա, իսկ օրենքներում ամրագրված դրույթները վաղուց հնացած են։
Դրա հետեւանքով այստեղ սահմանված նվազագույն աշխատավարձը խիստ ցածր է՝ մասնավոր հատվածում՝ 20 լարի (7,2 դոլար) (դեռեւս 90-ականներից), իսկ պետական ծառայողների համար՝ 130 լարի (47 դոլար)։ Այս թվերը սպառողական զամբյուղից բավականին ցածր են, սակայն ամսական միջին աշխատավարձը տարածաշրջանում ամենաբարձրը հենց Վրաստանում է։
Այստեղ այն իրավիճակն է, երբ Նվազագույն աշխատավարձը ոչ մի նշանակություն չունի. այն ոչ ոք չի ստանում, հասարակությունը դրա կարիքը չի զգում եւ դրանով չի կողմնորոշվում սոցիալական հարցերում։
Ռուսաստանում նվազագույն աշխատավարձը ս.թ. հունվարի 1-ից աննշան աճ է ունեցել՝ նախորդ տարվա 11.163 ռուբլու փոխարեն դառնալով 11.280 ռուբլի (180 դոլար): Սա ԱՊՀ մյուս երկրների համեմատ ամենաբարձրն է։ Ռուսաստանում սպառողական զամբյուղի չափը նախատեսվում է վերանայել 2021թ.։