Աջարիայի կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարը Ռուսաստանի դրոշի պատճառով ազատվել է պաշտոնից։
Աջարիայի կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Ինգա Շամիլիշվիլին Վարչապետ Թոռնիկե Ռիժվաձեի հրամանով ազատվել է պաշտոնից՝ Ռուսաստանի դրոշների հետ կապված սկանդալի պատճառով։
Սկանդալը տեղի է ունեցել Բաթումիում անցկացվող Ոսկե դելֆին մանկական միջոցառման ժամանակ, երբ քայլերթի ընթացքում խմբերից մեկն անցել է Ռուսաստանի դրոշներով եւ RUSSIA պաստառով։
Երթը համընկել է այսօր նշվող Անկախության տոնի հետ, որի մասնակիցները, փողոցում հանդիպելով ռուսական դրոշների, մեծ աղմուկ են բարձրացրել։
Դրոշներով երթի նկարները Վրաստանի Անկախությունը տոնող մասնակիցների կողմից արագորեն տարածվել են համացանցում, ինչի արդյունքում Աջարիայի վարչապետ Ռիժվաձեն հայտարարել է, որ միջոցառման կազմակերպիչը եւ պատասխանատուն Կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն է, իսկ նախարար Ինգա Շամիլիշվիլին հեռացված է պաշտոնից։