Ադրբեջանն իրավասու է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը,- Սերգեյ Մարկով։
Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովն իր կողմնակալ կարծիքն է արտահայտել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ՝ նշելով, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները ցանկացած պահի կարող են սրվել, վերածվել ռազմական ընդհարման։
Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ, այնտեղ չկան խաղաղապահներ,- նշել է Մարկովը։
Մարկովը, ռուսական կողմի դերն այս հարցում բարձրացնելու համար, ընդգծել է, որ 2016թ. քառօրյա պատերազմը կանգնեցվեց Կրեմլի միջնորդությամբ։
Քաղաքագետը հանդես է եկել բացահայտ ադրբեջանամետ հայտարարություններով, որոնց թվում են Խոջալուի դեպքերը, հայկական ուժերի կողմից իբր օկուպացիան։
Հայտարարության ամենաուշագրավ հատվածն այն է, որտեղ Մարկովը, պաշտպանելով Ալիեւի վարչակարգի գործողությունները, նշում է, թե Ադրբեջանն իրավասու է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը՝ սպառնալով, որ եթե կազանյան եւ մադրիդյան սկբունքները չհանգեցնեն խաղաղության հաստատման, ապա ադրբեջանական բանակը պատրաստ է հարցը լուծել զենքի ուժով։