Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Դավիդ Գարեջիի վանական համալիրի հետ կապված խնդրի կարգավորմանը։
Սահակաշվիլին հիշեցրել է, որ Ադրբեջանում ունեցած կապերը կարող է օգտագործել բանակցություններ վարելու եւ խնդրի լուծմանը նպաստելու համար, եւ դրա համար իրեն պաշտոն պետք չէ։
Սահակաշվիլին հիշեցրել է 2005թ. Ադրբեջանի՝ գազի հարցով Վրաստանին ցուցաբերած օգնության մասին, 2008թ. աջակցության մասին՝ նշելով, որ իշխանությունները փոփոխական են, մինչդեռ եղբայրական ժողովորդները կմնան, եւ պետք է համերաշխություն լինի։
Հավելենք, որ Դավիդ Գարեջիում քաղակտիվիստները, վանականները բողոքի ցույցեր են իրականացնում Գարեջին Վրաստան է եւ Կովկասը մեր տունն է կարգախոսով։
Հիշեցնենք, որ վանական համալիրի շուրջ ստեղծված խնդիրը շարունակվում է ամիսներ, եւ պատկան մարմինների կողմից տարվող աշխատանքներին զուգահեռ հարցը տեղափոխվել է հասարակական շրջանակներ, հասել փոխադարձ մեղադրանքների՝ որոշակի լարվածություն առաջացնելով երկու երկրների հարաբերություններում, ինչին մի քանի անգամ անդրադարձել ենք։