Աբովյան քաղաքում կայանալիք ընտրությունների թեմայի շուրջ զրուցել ենք քաղաքապետի՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Գրիգոր Գուլյանի հետ։
REGST: Պարոն Գուլյան, ինչպե՞ս եք որոշել դառնալ Աբովյանի քաղաքապետ։
Գրիգոր Գուլյան։ Աբովյանի քաղակտիվը դիտարկել է 5 թեկնածու, առողջ մթնոլորտում քննարկումներից հետո իմ թեկնածությունն է ներկայացվել ՔՊ կուսակցության վարչություն, հաշվի առնելով իմ երկարամյա աշխատանքային փորձը ՏԻՄ բնագավառում և այս վերջին 10 ամսվա աշխատանքային փորձը մարզային կառույցում։
REGST: Ի՞նչ պայմաններում է ընթանում նախընտրական քարոզարշավը. ինչպիսի՞ն է քաղաքացիների վերաբերմունքը Ձեր եւ Ձեր թիմի նկատմամբ։
Գրիգոր Գուլյան։ Քարոզարշավը ընթանում է նորմալ, քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ տեսնում եմ իրենց այն հավատը, հույսը, որ կապում են մեզ հետ, մեր թիմի հետ։ Մենք կառուցողական ենք, և դրա վառ ապացույցն է մարզի կտրվածքով մեր կողմից իրականացրած աշխատանքները մեր համայնքներում։
REGST: Ո՞րն է աբովյանցու կյանքը բարեկեցիկ դարձնելու Ձեր տեսլականը։
Գրիգոր Գուլյան։ Նախ՝ հաստատել քաղաքում օրենքի գերակայություն, իրավահավասարություն։ Երբ օրենքը գործեց, քաղաքում արտոնյալներ այլևս չեն լինելու։ Եվ ընդհանրապես մեր համայնքի բյուջեն պետք է օգտագործվի միայն ու միայն մեր համայնքի համընդհանուր զարգացման համար։

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հունիսի 9-ին տեղի կունենա քաղաքապետի ընտրություն։
Թեկնածուներն են՝ գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրված, Կոտայքի մարզպետարանի աշխատակից Գրիգոր Գուլյանը: Առաջադրվել են նաև Արթուր Ղազարյանը, Մանուկ Մկրտչյանն ու Սասուն Գրիգորյանը։