REGST-ի հետ զրույցում Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն անդրադարձել է մայրաքաղաքի խնդիրներին, երեւանցիների մասնակցությանը ՏԻՄ աշխատանքին եւ մատնանշել օրենսդրական բացերը։
REGST: Որո՞նք են Երևանի գերխնդիրները, որ առաջիկա տարիներին Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են լինելու:
Հակոբ Կարապետյան։ Երեւանի գերխնդիրները գործող քաղաքային վարչակազմի համար մի քանիսն են՝ աղբահանության պատշաճ կազմակերպում, տրանսպորտային նոր ցանցի ստեղծում, կանաչապատում (անտառապատում), վերելակային տնտեսության թարմացում եւ այլն: Աղբահանության հարցում, թեեւ քաղաքապետարանի կամքից անկախ, որոշակի ձգձգումներ են առկա, այնուհանդերձ կա խնդրի լուծման հստակ տեսլական եւ ճանապարհային քարտեզ: Ապրիլին ստեղծվել է աղբահանությամբ զբաղվող համայնքային հիմնարկ, որը փաստացի երկրորդ աղբահանության օպերատորն է (սրա մասին նշում կար քաղաքապետի նախընտրական ծրագրում): Տրանսպորտի ցանցը, որը մշակվել էր նախորդ վարչակազմի պատվերով, վերջնական տեսք ստացավ վերջերս, եւ դրա հիման վրա ֆինանսական մոդել է ներկայացվել Կառավարություն՝ ծրագրի հետագա իրացման համար:
Կանաչապատմանը վերաբերող տարբեր ծրագրեր կան՝ որոշակի նոր մոտեցումներ են որդեգրվել, մասնավորապես, զարգացնել ոռոգման համակարգերը, ավելի շատ ուշադրություն դարձնել անտառային տարածքների զարգացմանը: Մասնավորապես, իրացման փուլում է Սարալանջի հատվածը անտառապատելու ծրագիրը: Վերելակային տնտեսությունը թարմացնելու հարցում եւս ֆինանսական մոդել է մշակվել՝ դրան պետք է մասնակցեն բուն բնակարանատերերը՝ քաղաքապետարանի աջակցությամբ:
REGST: Ինչպե՞ս կգնահատեք երևանցիների մասնակցությունը քաղաքի կառավարմանը. քննադատությո՞ւնն է շատ, թե՞` աջակցությունը:
Հակոբ Կարապետյան։ Քաղաքի գործող իշխանության փիլիսոփայությունը հետեւյալն է՝ թե քննադատությունը, թե քաջալերումը ընկալվում են որպես աջակցություն: Ըստ էության, մարդկանց երբեմն չափազանց բարձր ակնկալիքները որոշակի դժգոհության առիթ տալիս են, մանավանդ երբ խոսքը վերաբերում է տարիներ շարունակ լուծման կարոտ եւ որոշակի ժամանակ պահանջող խնդիրներին, ինչպիսիք են օրինակ, վերելակները եւ տրանսպորտը:
REGST: Քաղաքապետարանին բավարարո՞ւմ է իրեն վերաբերող Տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությունը. բարեփոխելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:
Հակոբ Կարապետյան: Ոչ միայն ՏԻՄ օրենսդրությունը, այլեւ օրենսդրական դաշտի մի զգալի հատված թարմացման կարիք ունի: Քաղաքում առեւտրի կազմակերպման, գնումների գործընթացը կազմակերպելու, հողօգտագործման եւ այլ շատուշատ ոլորտներում քաղաքային իշխանությունը շատ անգամ առնչվում է օրենսդրական անկատարության հետ: Բացի դրանից, կա քաղաքային ոստիկանություն ստեղծելու նպատակահարմարություն, ինչը նույնպես օրենսդրական փոփոխություն է ենթադրում:
Հարցերին պատասխանեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։