Georgian Airways-ը հուլիսի 8-ից Թբիլիսի-Երեւան-Մոսկվա տրանզիտային տոմսեր կառաջարկի։
Որոշումը պայմանավորված է դեպի Ռուսաստան ավիափոխադրումների սահմանափակմամբ։
Հիշեցնենք, երեկ ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր, որ վրացական ավիաընկերությունների թռիչքները դեպի Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ կդադարեցվեն, մինչեւ Վրաստանը վերահաստատի դրանց անվտանգությունը եւ վճարի նավիգացիոն ծառայության դիմաց առաջացած պարտքերը։
Հունիսի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թբիլիսյան բողոքի ցույցերին ի պատասխան արգելեց հուլիսի 8-ից թռիչքներ իրականացնել դեպի Վրաստան՝ տուրօպերատորներին խորհուրդ տալով չվաճառել տուրեր այդ ուղղությամբ։
Միաժամանակ, ռուսական կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի՝ ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու համար։
Դրան ի պատասխան, Georgian Airways-ը հայտարարեց, որ հուլիսի 8-ից ուղեւորներին Թբիլիսի-Երեւան-Մոսկվա տրանզիտային տոմսեր կառաջարկի։
Դեպի Վրաստան ավիափոխադրումներ իրականացնում են ռուսական վեց ընկերություններ՝ Աէրոֆլոտ, S7, Ուրալյան ավիաուղիներ, Red Wings, Պոբեդա եւ Նորդավիա (Սմարթավիա):
Բոլորն էլ արդեն չեղարկել են հուլիսի 8-ից հետո իրականացվելիք թռիչքների տոմսերը։