Մենք պետք է նաև աշխատողների իրավունքների պաշտպանությանը շատ լուրջ ուշադրություն դարձնենք,- Նիկոլ Փաշինյան։
Կառավարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամի փոխարեն՝ սահմանել 68 հազար դրամ։
Գործադիրը հավանություն է տվել ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Վարազդատ Կարապետյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության առաջարկությանը:
Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմոֆին Գասպարյանը, օրինագծի հեղինակներն առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55 հազարից բարձրացնել և դարձնել 63 հազար դրամ: Հիմնավորումը Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2018 թ. առաջին եռամսյակից հրապարակված միջին ընթացիկ գներով նվազագույն սպառողական արժեքի հիմքով է, որը 63 հազար 550 դրամ է: Փոխնախարարը տեղեկացրել է, որ նախարարությունը երեք ամիս առաջ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտին պատվիրակել է հետազոտություն, որի արդյունքներով հնարավոր է դարձել գնահատել նվազագույն աշխատավարձի սոցիալ-տնտեսական օրինաչափ մեծությունը: 4 մեթոդով իրականացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ կառավարությունն առաջարկում է օրինագծում 63 հազար դրամի փոխարեն՝ սահմանել 68 հազար դրամ։
Ի պատասխան վարչապետի հարցին, թե ի՞նչ գործնական խնդիր է լուծվում նվազագույն աշխատավարձը բարձրացնելով, Գեմոֆին Գասպարյանը նշել է, որ 45 հազար մարդ մասնավոր ոլորտում և 35 հազար մարդ պետական ոլորտում ստանում է նվազագույն աշխատավարձ՝ 55 հազար դրամ:
Կառավարությունն առաջարկում է, որ նվազագույն աշխատավարձը դառնա 68 հազար դրամ՝ այն բարձրանալով 23.6 տոկոսով,-նշել է փոխնախախարը:
Անդրադառնալով աշխատողների իրավունքների պաշտպանության խնդրին՝ կառավարության ղեկավարն ընդգծել է այդ հարցը ուշադրության կենտրոնում պահելու կարևորությունը:
Մենք պետք է նաև աշխատողների իրավունքների պաշտպանությանը շատ լուրջ ուշադրություն դարձնենք: Հատկապես սոցիալական անապահովության այս ֆոնին մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ ոլորտում չարաշահումներ չլինեն և այդ հարաբերությունները արժանապատիվ կարգավորվեն, հաշվի առնվեն ոչ միայն գործատուի, այլ նաև աշխատողի շահերը,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Տես նաեւ՝ Նվազագույն աշխատավարձի համեմատությունհամեմատություն