Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցմանը վերաբերող հարցեր են քննարկվել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ) ծրագրի իրականացման ընթացքը:
Ներկայացվել են ծրագրի շրջանակում նախատեսված՝ 400/220/10 կՎ Դդմաշեն ենթակայանի, էլեկտրահաղորդման 400/500 կՎ օդային գծի, հաստատուն հոսանքի Այրում փոխակերպիչ կայանի կառուցման աշխատանքները, ընթացիկ խնդիրները և առաջարկվող տեխնիկական լուծումները, ինչպես նաև տարածաշրջանային էներգահամակարգերի աշխատանքի սինխրոնիզացման հնարավորությունները: Արծարծվել են նաև Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցմանը, տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ծրագրի կարևորությունը՝ Վրաստանի հետ արդյունավետ էներգետիկ հաղորդակցության ապահովման, Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ համակարգերի տարածաշրջանային ինտեգրման համատեքստում և հանձնարարել պատասխանատուներին՝ շարունակել ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումը: