Ալիեւը հանձնարարել է զարգացնել սփյուռքի հետ կապերը՝ ադրբեջանցի գործարարներին հրավիրելով ներդրումներ կատարել հայրենիքում։

Սփյուռքի հետ աշխատանքների պետական կոմիտեի ղեկավար Ֆուադ Մուրադովը հայտարարել է, որ արտերկրում բնակվողների համար կստեղծվեն հայրենիքում ներդրումներ կատարելու բոլոր հնարավորությունները։
Լավ կլիներ, որ արտասահմանում բնակվող ադրբեջանցի գործարարները ներդրումներ կատարեին Ադրբեջանում,- նշել է Մուրադովը։
Ալիեւը Կոմիտեին հանձնարարել է զարգացնել սփյուռքի հետ կապերը՝ նրանց ընդգրկելով Ադրբեջանի էկոնոմիկայի մեջ։
Ադրբեջանական Report-ի հաղորդմամբ, Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ ադրբեջանցի գործարարներն ակտիվորեն մասնակցում են արտասահմանում գործող ադրբեջանական դպրոցների գործունեությանը, ուստի գտնում ենք, որ նրանք կարող են ներդրումներ անել նաեւ Ադրբեջանի տնտեսությունում։
Հատկանշական է, որ աշխարհում բնակվող ադրբեջանցիների թիվը Բաքվի իշխանությունների ներկայացմամբ գերազանցում է 50 միլիոնը, որից միայն 10 մլն-ն է ապրում Ադրբեջանում։
Ադրբեջանցի են համարում Հյուսիսային Իրանի բնակիչներին՝ 30 մլն գրելով Ադրբեջանի իրանական համայնքի թիվը։
Թուրքիայում բնակվում է 3 մլն, իսկ Ռուսաստանում՝ 2 մլն ադրբեջանցի։ Եվրոպայում ամենաշատը Գերմանիայում են՝ 280-300 հազար։