Համագործակցություն՝ հանուն ինքնավարության, ի՞նչ են ուզում թալիշները

Ադրբեջանում թալիշներից պահանջում են հայերին ճանաչել որպես թշնամիներ: Սակայն Արցախյան պատերազմում իրար դեմ կռված հայերի ու թալիշների շահերը ներկայումս համընկնում են, ուստի համագործակցությունն անհրաժեշտություն է։

Ռուսաստանի թալիշների համայնք ՀԿ նախագահ, ՌԴ նախագահին կից միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ Իսմայիլ Շաբանովը բարձրաձայնել է Բաքվի ռեժիմի հակաթալիշական քաղաքականության մասին։

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանում թալիշների դեմ սկսված շարժումը, Շաբանովը նշել է, որ Բաքուն ցավագին է ընդունել Երևանում կայացած Թալիշագիտության 3-րդ միջազգային կոնֆերանսի հանգամանքը։

Այստեղ հատկանշական էր Իրանի թալիշների մեծ պատվիրակության մասնակցությունը։ Դա աննախադեպ էր, քանի որ իրանական մյուս ժողովուրդների դեպքում նման մասշտաբային մասնակցություն երբեք չի եղել։ Սա ցույց տվեց Իրանի վերաբերմունքը թալիշների նկատմամբ, ինչն էլ անհանգստացրել է Բաքվին,- նշել է Շաբանովը։

Հայաստանում թալիշների մասնակցությամբ միջոցառումները Բաքվում անհանդուրժողաբար են ընդունվում։ Բնիկ ժողովուրդ թալիշներն Ադրբեջանում չեն կարող նման գիտաժողովների մասնակցել, ուստի ստիպված են գնալ այնտեղ, որտեղ դրանք կազմակերպվում են։

Նման միջոցառումներին մասնակցելու համար թալիշ ակտիվիստներին Ադրբեջանում դավաճանության մեջ են մեղադրում։ Մինչդեռ Հայաստանում թալիշների գործունեությունը նույնիսկ աջակցություն է ստանում։

Իսլամ դավանող այս ժողովուրդը դիմում հայերի օգնությանը, խոստանալով հաջորդ պատերազմի ժամանակ չկռվել մեր դեմ։ Թալիշական շարժման ղեկավարները չեն թաքցնում, որ իրենց ցանկությունը սահմանափակվում է միայն Թալիշ-Մուղանյան հանրապետության ինքնավարությամբ։ Նրանք հաճախ են համեմատություններ անցկացնում Նախիջևանի հետ։ Արցախի կարգավիճակի շուրջ քննարկումների ժամանակ, երբ խոսք է գնում ինքնավարության մասին, թալիշներն էլի իրենց մասին են հիշեցնում։

Իսմայիլ Շաբանով / tolishmedia.com

Երբեմն հնչում են նաև այսպիսի խիստ բնորոշումներ․ հայերը կռվել են Ադրբեջանի դեմ, բայց ցանկանում եք ինքնավարություն շնորհել, իսկ թալիշները պայքարել են տարածքային ամբողջականության համար, ուստի արժանի են ինքնավարության։

Ինչպես թալիշ առաջնորդներն են նշում՝ ներկայումս հայերի և թալիշների շահերը համընկնում են, ուստի փոխօգնությունն այլընտրանք չունի։

Ռուսաստանի թալիշական համայնքի ղեկավարն անդրադարձել է Արցախյան պատերազմից հետո սկիզբ առած տարաձայնություններին։ Այստեղ Շաբանովն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ թալիշական շարժման ղեկավար Ալիքրամ Հումմաթովն ադրբեջանական զինուժի շարքերում, ստեղծելով ջոկատներ, պայքարել է հայկական ուժերի դեմ։ Նախնական համաձայնութամբ՝ պատերազմից հետո պետք է ստեղծվեր Թալիշական ինքնավար պետություն՝ Ադրբեջանի կազմում։ Սակայն Բաքվի իշխանությունները ոչ միայն դրժել են խոստումը, այլև բուռն պայքար են մղում թալիշ ժողովրդի, նրա մշակույթի դեմ։

Երկրից վտարվել են նույնիսկ Ադրբեջանի անկախության ու տարածքային ամբողջականության համար պայքարած թալիշ գործիչները՝ իշխանությունների կողմից հռչակվելով անջատողականներ։ Հիշեցնենք, նախորդ տարի Մոսկվայում ադրբեջանական իշխանությունների պահանջով ձերբակալվել է թալիշական շարժման ղեկավարներից Ֆահրոդին Աբոսզոդան։ Վերջինս Հումմաթովի հետ միասին 90-ականներին ակտիվորեն մասնակցել է Թալիշ-Մուղանյան ինքնավար հանրապետության ստեղծմանը։

1994-ին, ինքնավարության հռչակման անհաջող փորձից հետո, Աբոսզոդան արտագաղթել էր Ռուսաստան։ Ալիքրամ Հումմաթովը Բաքվի ճնշումներից խուսափելու համար ապաստանել է Նիդերլանդներում։

Շաբանովը բարձրաձայնում է իր ժողովրդի լեզվի, պատմության նկատմամբ ադրբեջանական վերնախավի ոտնձգությունների մասին։ Պատմական փաստերի խեղաթյուրում, լեզվի դասավանդման արգելք, կառավարման համակարգից թալիշների հեռացում և այլն․ Բաքվի քաղաքականության մասին արդեն տարիներ շարունակ հայտարարվում է, սակայն ապարդյուն։ Թալիշ գործիչները շարունակում են ենթարկվել կտտանքների, վտարվել երկրից, բանտարկվել։

Ներկայումս շարունակվում է ինքնավարության համար պայքարը, որն ուղեկցվում է իշխանությունների կողմից բռնաճնշումներով։ Միաժամանակ, թալիշներն աջակցություն են ստանում նաև թյուրքալեզու բնակչությունից։ Թալիշ-Մուղանյան ինքնահռչակ հանրապետության կազմի մեջ մտնող յոթ շրջաններից բացի, հարակից վարչական միավորների ղեկավարները նույնպես ցանկություն են հայտնել՝ միանալու ԹՄԻՄ-ին։

1 ու կես միլիոն թալիշներն Ադրբեջանի համար մեծ ուժ են ներկայացնում։ Մեզնից վախենում են։ Այդ է պատճառը, որ ենթարկվում ենք ճնշումների,- նշել է Շաբանովը։

Ադրբեջանում ներկայումս թալիշներից պահանջում են հայերին ճանաչել որպես թշնամիներ՝ առաջնագծում ծառայելու ուղարկելով հենց փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Սակայն Շաբանովն ընդգծում է, որ հայերի ու թալիշների շահերը համընկնում են, ուստի համագործակցությունն անհրաժեշտություն է։

Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները / Armenia TV

Նշենք, որ Հայաստանում են անցկացվել նաև Թալիշագիտության առաջին և երկրորդ միջազգային գիտաժողովները՝ Ծաղկաձորում՝ դեռևս 2005թ․, և Երեւանում՝ 2011թ․։ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում գործում է Թալիշագիտություն մասնագիտացմամբ մագիստրոսական ծրագիրը: 2013 թ. մարտից Շուշիում իր աշխատանքներն է սկսել Թալիշստանի ձայնը ռադիոկայանը, որի հաղորդումները հեռարձակվում են օրական մեկ ժամ թալիշերենով, իսկ հետագայում ավելացել են ռուսերեն և անգլերեն հեռարձակումները:

Պատմական ակնարկ թալիշների մասին

Թալիշներն իրանական ժողովուրդ են, բնակվում են Կասպից ծովի հարավարեւմտյան ափամերձ շրջաններում: Ըստ պատմաբանների՝ սերում են տեղաբնիկ քադուսական ցեղերից, որոնք ժամանակի ընթացքում ընդունել են իրանական ինքնություն: Ըստ որոշ ուսումնասիրությունների, ներկա թալիշերենը համարվում է պատմական Ատրպատականի, միջնադարյան իրանական ազարի լեզվի հիմնական ժառանգորդը: Այսինքն, թալիշերենը ժառանգորդն է մինչ թյուրքալեզու դառնալը Ատրպատականում տարածված իրանական ազարի լեզվի:

Ուշ միջնադարում թալիշական խանություններն ունեցել են կիսանկախ կարգավիճակ եւ մասնակի են ենթարկվել իրանական շահերին: Թալիշական խանությունն առանձին պայմանագրով է XIX դարասկզբին միացել ռուսական կայսրությանը: Սակայն 1840-ական թվականներին Կովկասում իրականացված վարչական ռեֆորմների հետեւանքով ինչպես հայկական, այնպես էլ թալիշական մարզը դադարեց առանձին վարչական միավոր լինելուց եւ միացվեց Բաքվի նահանգին:

Ցարական Ռուսաստանին միանալուց հետո, կորցնելով սեփական պետականությունը, թալիշներն առաջին անգամ փորձեցին այն վերականգնել 1919թ․՝ հիմնելով Թալիշ-Մուղանի Խորհրդային Հանրապետությունը՝ տեղացի ռուս բնակչության հետ: Սակայն այն գոյատեւեց երեք ամիս եւ նվաճվեց Մուսաֆաթական Ադրբեջանի կողմից:

Խորհրդային իշխանության հաստատումից հետո՝ 1920-1938 թթ. Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության գոյության տարիներին թալիշներին հաջողվեց ունենալ մշակութային ինքնավարություն, հիմնվեցին ազգային դպրոցներ, հրատարակվում էին թալիշերեն դասագրքեր, թարգմանվում համաշխարհային գրականությունից բազմաթիվ ստեղծագործություններ: Սակայն 1938 թ. ստալինյան բռնաճնշումների ալիքից օգտվելով, Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը հաշվեհարդար է տեսնում թալիշ մտավորականության հետ՝ նրանց մեծագույն մասին աքսորելով Սիբիր: Հետայդու ոչ միայն փակվում են թալիշական դպրոցները, այլ նույնիսկ Ադրբեջանում արգելվում է թալիշ ցեղանունը: Կարելի է ասել՝ այս ժողովուրդը գրեթե իսպառ անհետանում է պաշտոնական փաստաթղթերից ու պատմագրությունից:

Թալիշներն իրենց մասին կարողացան բարձրաձայնել միայն Ադրբեջանի անկախացումից հետո, եւ 1993 թ. հիմնեցին թալիշական 2-րդ հանրապետությունը, որը, սակայն, կրկին երեք ամիս գոյատեւեց եւ տապալվեց Հեյդար Ալիեւի վարչակարգի ռազմական գործողությունների հետևանքով:

Իրանական թալիշներն ապրում են իրենց մայր հայրենիքում: Իրանը իրանական բոլոր ժողովուրդների ընդհանուր հայրենիքն, ինչպեսեւ՝ թալիշների: Ի տարբերություն Ադրբեջանի տարածքի, այստեղ նրանք ազատ զարգացնում են իրենց մշակույթը, քանի որ այն իրանական ընդհանուր մշակույթի մի բաղկացուցիչն է:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.