Վիճելի Դավիդ Գարեջի վանական ժայռափոր համալիրի տարածքում ծառայություն իրականացնող սահմանապահների հետ տեղի է ունեցել ընդհարում։
Ադրբեջանում Վրաստանի դեսպանին կանչել են արտգործնախարարություն։ Բաքվում դեսպանից բացատրություն են պահանջել նախօրեին սահմանային Քեշիքչի Քալա հատվածում տեղի ունեցած միջադեպի հետ կապված։
Հաղորդված տվյալների համաձայն՝ Վրաստանի քաղաքացիները հատել են Ադրբեջանի սահմանը։ Դավիդ Գարեջի ժայռափոր համալիրի տարածքում ծառայություն իրականացնող սահմանապահների հետ տեղի է ունեցել ընդհարում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն այսպիսի միջադեպերը համարել է երկու երկրների միջև ստրատեգիական համագործակցությանը սպառնացող վտանգ։ Բաքվի իշխանությունները Վրաստանի դեսպանից պահանջել են միջոցներ ձեռնարկել նման միջադեպերը կանխելու ուղղությամբ։
Միաժամանակ, Վրաստանի ԱԳՆ-ն քաղաքացիներին կոչ է արել պրովոկացիայի չտրվել և հնարավորություն տալ սահմանագծմամբ զբաղվող հանձնաժողովին՝ իրականացնելու իր աշխատանքները։
Ավելի վաղ Ադրբեջանի Պետական սահմանային ծառայությունը հայտարարել էր, որ հուլիսի 14-ին Վրաստանի քաղաքացիների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։
Հիշեցնենք, դեռևս տարվա սկզբից վրաց-ադրբեջանական սահմանի՝ Գարեջի վանական համալիրի հատվածի շուրջ անհամաձայնությունը վերաճել է հասարակական դժգոհությունների։ Ակտիվիստները երկու կողմից հանդես են գալիս բողոքի ակցիաներով։ Սահմանային այս հատվածը դեռևս հստակ կարգավորված չէ երկու երկրների միջև. յուրաքանչյուրը վանական համալիրի կառույցներն իր սեփականությունն է համարում։