Ոլորտային թիրախավորված ուղղություններ են սահմանվել ՏՏ/արդյունաբերությունը, Տուրիզմը եւ Գյուղատնտեսությունը:
Գյումրիում մեկնարկել է ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովը:
Նպատակը՝ տեղի եւ օտարերկրյա գործարարների միջեւ բազմակողմ, փոխշահավետ համագործակցության կայացման միջոցով ստեղծել հարթակ, որը կնպաստի մարզի տնտեսության եւ համայնքների զարգացմանը:
Գյումրիում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Համաժողովը հնարավորություն է ստեղծել ներկայացնելու մարզի տնտեսական ներուժը, զարգացման հեռանկարները եւ հստակ ոլորտային ներդրումային նախագծեր:
Ելնելով մարզի առանձնահատկություններից՝ համաժողովի անցկացման համար ոլորտային թիրախավորված ուղղություններ են սահմանվել ՏՏ/արդյունաբերությունը, Տուրիզմը եւ Գյուղատնտեսությունը:
Համաժողովը մեկնարկել է Շիրակի մարզի արտադրանքների եւ ծառայությունների ցուցահանդես-էքսպոյով: 60-ից ավելի տաղավարներ ներկայացնում են Շիրակի մարզում եւ Գյումրիում գործունեություն ծավալող 6 տասնյակի հասնող կազմակերպությունների եւ անհատների կողմից առաջարկվող արտադրանքների եւ ծառայությունների մասին:
Համաժողովի պաշտոնական մասին, որին ներկա են ՀՀ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, խոշոր, միջին եւ փոքր ձեռնարկությունների ներկայացուցիչներ, մասնակցում է շուրջ 300 մարդ:
Համաժողովին ներկա են արտերկրի 50, տեղի 150 գործարար, փորձագետներ, միջազգային կառույցների, պետական եւ հասարակական կառույցների պատասխանատուներ:
Աղբյուրը՝ armtimes.com