Հակաօկուպացիոն Ուժը՝ միասնության մեջ շարժման ղեկավար Դավիդ Կացարավան Գարեջիի վանական համալիրի մասին ուշագրավ տեղեկություն է հրապարակել։ Նրա հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմը Գարեջի լեռան վրա ռազմաբազա է կառուցել՝ տեղակայելով բազմաքանակ զորք։
Կացարավան նշել է, որ հուլիսի 14-ի միջադեպից անցել է 8 օր, սակայն ճանապարհը դեպի այդ հատվածը դեռ փակ է ադրբեջանցի սահմանապահների կողմից։ Նրա խոսքով՝ վրացական սահմանապահ ծառայության անձնակազմն ադրբեջանականից 10 անգամ քիչ է։
Հիշեցնենք, դեռևս տարվա սկզբից վրաց-ադրբեջանական սահմանի՝ Գարեջի վանական համալիրի հատվածի շուրջ անհամաձայնությունը վերաճել է հասարակական դժգոհությունների։ Ակտիվիստները երկու կողմից հանդես են գալիս բողոքի ակցիաներով։ Սահմանային այս հատվածը դեռևս հստակ կարգավորված չէ երկու երկրների միջև. յուրաքանչյուրը վանական համալիրի կառույցներն իր սեփականությունն է համարում։