ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտնել է, որ Ոստիկանությունը հիմա էլ է փնտրում Երևանի նախկին քաղաքապետ, Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանին:
PanARMENIAN.Net-ի հաղորդմամբ` Օսիպյանը նշել է, որ ցանկացած գործ ունի իր սահմանափակումները, կան օպերատիվ տեղեկություններ բոլոր գործերով, տարվում են աշխատանքներ, սակայն բարձրաձայնելը խոչընդոտում է գործընթացին:
Աղբյուրը հիշեցրել է Սիրադեղյանի գործի մանրամասները.
1998 թվականի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո՝ 1999 թվականի փետրվարի 19-ին, Վանո Սիրադեղյանը որպես մեղադրյալ է ներգրավվել, և նույն օրն էլ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Նա հայտնաբերվել և ձերբակալվել է 1999 թվականի մայիսի 3-ին, և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 72 հոդվածով (բանդիտիզմ), 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ կետերով (հանցակցություն ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության), 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 8-րդ կետով, 17-99 հոդվածի 4-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 3-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, 185 հոդվածի 3-րդ (կաշառքի ստացում), 182 հոդվածի 1-ին (իշխանության կամ պաշտոնեական դիրքի չարաշահում), 17-96 հոդվածի 2-րդ մասերով (գույքի դիտավորությամբ ոչնչացում կամ վնասում)։
1999թ. մայիսի 7-ին նա ազատվել է կալանքից, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը՝ մինչև 2000թ. ապրիլ ամիսը, երբ խորհրդարանը բավարարել է դատախազության միջնորդությունը և Սիրադեղյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից։ ՀՀ Ազգային ժողովի որոշմանն անմիջապես հաջորդել է Սիրադեղյանի փախուստը:
Նա մինչ օրս գտնվում է հետախուզման մեջ։
Հիշեցնենք` դեռևս 2006թ. այն ժամանակ լրագրող, ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է վերցրել Վանո Սիրադեղյանից: