Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել՝ անհանգստություն հայտնելով Կապան-Հադրութ ճանապարհի կառուցման նախագծի վերաբերյալ։ Բաքուն Հայաստանին մեղադրում է Արցախը Հայաստանի մյուս հատվածի հետ կապող նոր՝ 3-րդ ճանապարհի շինարարության համար՝ համարելով ստատուս-քվոն պահպանելուն ուղղված «պրովոկացիա»։
Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդման մեջ նշվում է, թե Հայաստանը, օգտվելով հրադադարի պահպանման ռեժիմից, «ապակառուցողական» դրսևորմամբ շարունակում է անօրինական գործունեությունը։
«Սա հերթական պրովոկացիան է, որի նպատակը բանակցային գործընթացը տապալելն է»- գրում է Ադրբեջանի ԱԳՆ-ը։
Ադրբեջանը նաև հայտարարում է, որ իրեն իրավունք է վերապահում համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ արձագանքելու նմանատիպ գործողություններին։
Ադրբեջանի անհանգստությունը կապված է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարության հետ, ըստ որի՝ Կառավարությունը որոշում է կայացրել Հադրութը Կապանին կապող նոր ճանապարհ կառուցել։
ԱԽ քարտուղարը նշել էր, որ ֆինանսական միջոցներն առկա են, և ճանապարհը կկառուցվի 2020 թվականին։