Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի Պաշտպանության նախարարությունը պայմանագրային հիմունքներով ծառայության է հրավիրում մինչև 40 տարեկան պահեստազորայինների:
Ներկայացված են նաև պահանջվող մասնագիտությունները` էքսկավատորավար, բուլդոզերավար, գրեյդերավար, շարժիչագործ, ավտոէլեկտրիկ, գազաէլեկտրաեռակցող, փականագործ, վարորդ, սակրավոր, հրաձիգ, նռնակաձիգ, գնդացրորդ, դիպուկահար և այլն:
Հաղորդագրության համաձայն` ծառայության ընթացքում պայմանագրային զինծառայողներն օգտվելու են զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովման մասին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավունքներից և արտոնություններից: Ծառայության ժամկետը սահմանվելու է՝ ըստ կողմերի միջև կնքված պայմանագրի պահանջների:
Հաղորդվում է, որ ՊԲ-ում ներդրված նոր կարգի համաձայն` պայմանագրային հիմունքներով ծառայության ընդունված զինծառայողների ծառայողական պայմանների բարելավման արդյունքում վերջիններիս հնարավորություն կտրվի շաբաթ և կիրակի օրերին զբաղվել իրենց ընտանեկան ու կենցաղային հոգսերով, իսկ հունիսի 1-ից նրանց տրամադրվող դրամական բավարարման չափը, կախված ծառայողական առանձնահատկությունից, արդեն իսկ աճել է 15-25 տոկոսով: