Հարցազրույց Արտակ Մարկոսյանի հետ. ժողովրդագրության խնդիրները

REGST-ի հարցերին ի պատասխան՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Ժողովրդագրության բաժնի պետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Արտակ Մարկոսյանը ներկայացրել է Հայաստանում եւ տարածաշրջանում ժողովրդագրության խնդիրները եւ առաջարկվող լուծումները։

REGST. Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի ներկայիս ժողովրդագրական վիճակը։

Արտակ Մարկոսյան. Մենք դեռևս լավ գոտում ենք գտնվում։ Այսինքն, Անկախությունից ի վեր մեզ մոտ դեպոպուլյացիա չի գրանվել, ունեցել ենք բնական աճ՝ վերջին 27 տարում մոտ 430 հազար։ Եթե չունենայինք այն արտագաղթը, որը տեղի ունեցավ Հայաստանում, ապա մենք կունենային ժողովրդագրական տեսանկյունից բավականին բարվոք վիճակում գտնվող երկիր։ Բայց մեծ չափերի հասնող արտագաղթով պայմանավորված՝ քաղելու ենք վերջին 27 տարվա պտուղները. փաստացի տարվում էր քաղաքացիների արտամղման քաղաքականություն։

Կային օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ․ հասկանալի է՝ մինչև 1994թ․-ը՝ պատերազմ, շրջափակում, աղետի գոտի, բայց 96թ․-ից հետո այդ պատճառները չկային և սոցիալ-տնտեսական վիճակից ու տիրող քաղաքական իրավիճակից ելնելով մարդիկ, հույսները կտրելով Հայաստանից, հեռանում էին։

Հիմա մենք փաստացի հասել ենք այն փուլին, որ քաղելու ենք այդ դառը պտուղները, քանի որ մոտեցել ենք այն ժամանակահատվածին, որ ամուսնական տարիք է մտնում 90-ականների սերունդը։ Այս շրջանում ծնվածների թվաքանակը շուրջ 41 տոկոսով փոքր է 80-ականներին ծնվածների թվից։ Եթե հաշվի առնենք նաև, որ 90-ականներին ծնվածներից շատերն էլ արտագաղթել են, ապա մեզ դժվարին ժամանակաշրջան է սպասվում։ Մոտ 3-4 տարի հետո ավելի բարդ իրավիճակում ենք հայտնվելու՝ ծնելիության իմաստով։

Խնդիրն այն է, որ 2 գործոն են հանդիպելու․ 1․ 90-ականներին ծնվածների քիչ քանակով պայմանավորված՝ նվազելու են ամուսնությունները և դրանց հետ՝ ծնելիությունն է նվազելու, թեև իրականացվող քաղաքականությամբ փորձելու ենք մեղմել հետևանքները, 2․ աճելու է մահերի թիվը, որովհետև եթե Հայաստանում կյանքի միջին տևողությունը 75 տարի է, ապա այդ տարիքին են մոտենում անցյալ դարի 50-ականներին ծնվածները, որոնց թիվը գերազանցում է 40-ականներին՝ պատերազմի տարիներին ծնվածների թվին։ Իսկ քանի որ պատերազմի ավարտից հետո ավելի շատ մարդ է ծնվել, ուստի միջին տարիքին մոտանելու հանգամանքով պայմանավորված՝ կանխատեսվում է նաև մահացությունների թվի աճ՝ մոտակա 10-12 տարիների ընթացքում։

REGST. Եթե համեմատենք Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ընթացող ժողովրդագրական գործընթացները, ի՞նչ պատկերացում կարող ենք ունենալ տարածաշրջանին սպառնացող խնդիրների մասին։

Արտակ Մարկոսյան․ Եթե դիտարկենք տարածաշրջանը, պետք է հաշվի առնենք նաև Թուրքիան և Իրանը։ Մենք ապրում ենք այս տարածաշրջանում, ուստի չենք կարող կտրված լինել այն գործընթացներից, որ տեղի են ունենում ամբողջ տարածաշրջանում։ Այս իմաստով մենք ոչ շահեկան դիրքում ենք գտնվում։

Ադրբեջանն այսօր ունի մեզանից բավականին բարձր բնական աճ, իրենց տվյալներով 10 մլն են, ինչը կասկածի տեղիք է տալիս։ Բայց եթե նույնիսկ 8 մլն լինեն, դա մեզ չի սփոփում, որովհետև իրենց համեմատ մենք մարդկային ռեսուրսների տեսանկյունից ոչ շահեկան դիրքում ենք գտնվում։

ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ 2050թ․ Ադրբեջանի բնակչության թիվը կդառնա 11 մլն, իսկ Հայաստանինը՝ 2 մլն 861 հազար։ Վրաստանի բնակչությունն այդ կանխատեսման համաձայն՝ նվազելու է՝ դառնալով մոտ 3 մլն։

Վրաստանը նույնպես ոչ բարվոք վիճակում է։ Այնտեղ նույնպես բարդ ժամանակներ են եղել․ 2000-2007թթ․ գրանցվել է դեպոպուլյացիա։ Վերջին տարիներին բարելավում գրանցվել է, բայց կրկին ծնունդների կտրուկ անկում է տեղի ունենում, մահացությունների թիվն է այնտեղ բարձր։ Այնպես որ՝ ժողովրդագրական առումով Վրաստանը նույնպես վատ վիճակում է։ Այնտեղ նույնպես սպասվում է անկում՝ հավանաբար մեզանից ավելի կտրուկ։

Պետք հաշվի առնել նաև Իրանը։ 2050թ․ Իրանի բնակչությունը կանխատեսվում է 103 մլն, Թուրքիան՝ 98 մլն։ Այս երկու երկրներում ներկայումս ապրում է 82-ական մլն մարդ։

Այստեղ մենք հասկանում ենք, որ մեզ բնակչություն պետք է։ Դու կարող ես շատ հարցեր փոխարինել տեխնոլոգիական զարգացմամբ, տնտեսական զարգացվածությամբ, բայց, համենայնդեպս, ունենք չավարտված պատերազմ Ադրբեջանի հետ և ևս մեկ թշնամական հարևան՝ Թուրքիան։

Ուստի մեզ որոշակի քանակությամբ բնակչություն է պետք, որպեսզի տարածաշրջանում մենք ավելի վստահ լինենք և ավելի լավ հեռանկար ունենանք։

REGST. Հայաստանում վիճակի բարելավման համար լուծումներ ունե՞նք։

Արտակ Մարկոսյան․ Լուծումներն այս պահին ակտիվ ընթանում են, կան հստակ ծրագրեր՝ ուղղված երիտասարդ և երեխաներով ընտանիքներին ուղղված։ Վերջին 20 տարվա հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում ցանկալի երեխաների թիվը 3-ն է։ Մինչդեռ դա չի համընկնում իրողության հետ, մարդիկ ինչ-ինչ պատճառներով 1-2 երեխա են ունենում։ Մեր հիմնական խնդիրն այն է, որ ստեղծվի այնպիսի միջավայր, որ մարդիկ ավելի շատ երեխաներ ունենալու հնարավորություն ունենան։

Այդ հարցում բնականաբար չենք կարող պարտադրել, ամբողջ աշխարհում արդեն կանխիկ գումարով խրախուսման տարբերակը շատ չի կիրառվում։ Պարզապես պետք է միջավայրը փոխել, բարձրացնել տնտեսական զարգացման մակարդակը։

Ներկայումս կան կոնկրետ ծրագրեր՝ հատկապես երիտասարդ և երեխաներով ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար։ Արդեն մշակվել է 3 ծրագիր՝ միանվագ աջակցություն կանխավճարի վճարման համար, երեխաների կարգաթվից կախված նաև հիփոթեքի մայր գումարի մարումներ՝ մարզերում ավելի շատ՝ մայրաքաղաքի համեմատ։ Նաև կոնկրետ ծրագրեր են մշակված գյուղերում բնակվող երիտասարդների համար։

Այսօր մենք շատ մեծ խնդիր ունենք գյուղական բնակչության շրջանում։ Ընդհանուր առմամբ՝ ավանդաբար գյուղական բնակավայրերում ծնելիության գործակիցը միշտ բարձր է եղել։ Սակայն 2012թ․-ից այդ գործակիցը նվազել է, այսինքն՝ գյուղերում խնդիրներն այնքան խորքային են, որ անդրադարձել են ծնելիության գործակցի վրա։ Այն ցուցիչ է դարձել բնակչության խնդիրների համար։ Գյուղերում ճգնաժամի պատճառն այն է, որ նախորդ 27 տարում գյուղերում ոչ մի լուրջ քաղաքականություն չի իրականացվել։ Իրենք իրենց գոյատևել են, տնտեսական զարգացման առումով քայլեր չեն ձեռնարկվել, ենթակառուցվածքներ չեն եղել, մարդիկ արտագաղթել են։ Եթե նույնիսկ երկրից չեն հեռացել, ապա տեղափոխվել են մայրաքաղաք։

Աշխարհում ընդհանրապես այդպիսի բան գոյություն չունի, որ գյուղերում ծնելիությունը ցածր լինի, բայց մեզանում հիմա այդպես է։ Օրինակ՝ ժողովրդագրական առումով ավելի վատթար վիճակում գտնվող Ուկրաինայում գյուղերում ծնելիությունն ավելի բարձր է, քան՝ քաղաքներում։

Ուստի մենք ծրագրեր ենք մշակել գյուղերում երիտասարդ ընտանիքների եկամտաբեր գործունեությանը նպաստելու ուղղությամբ։ Ծրագրերը փաթեթի, առաջարկների տեսքով պետք է ներկայացվեն Կառավարություն։

Առաջարկներ կան երեխայի խնամքի միանվագ նպաստի բարձրացման վերաբերյալ՝ բոլոր երեխաների դեպքում, անկախ կարգաթվից, տրամադրել շատ ավելի մեծ գումար, ընդլայնել խնամքի նպաստի տրամադրման ծածկույթը։ Առաջարկվում է վճարել մինչև երեխայի 3 տարեկան դառնալը և բոլոր երեխաների համար՝ անկախ նրանից՝ մայրն աշխատում է, թե՝ ոչ։

18 հազար դրամն այսօր շատ քիչ է հատկապես գյուղական բնակավայրերում երեխաներին խնամող մայրերի համար․ նրանք, եթե նույնիսկ աշխատում են, ապա կամ ոչ գրանցված, կամ գյուղաշխատանքներում են ընդգրկված։ Իրենք վերջին 27 տարում այդ դաշտից դուրս են մնացել։

Փաստացի, այս ընթացքում մենք գյուղին ոչ մի բան չենք տվել։ Ուստի սպասելի էր, որ գյուղում ժողովրդագրական վիճակը կվատանա։ Հիմա փորձում ենք այդ բացը լրացնել, կարծում ենք՝ կմեղմվի, կփորձենք խուսափել դեպոպուլյացիայից։

Կարծում եմ՝ նաև տնտեսական զարգացման տեմպերը հնարավորություն կտան ծնելիությունը պահել ներկայիս մակարդակի վրա, ցածրացնել մահացությունների թիվը, բարձրացնել առողջապահական ծառայությունների որակը, կոնկրետ նաև՝ մարզերում, որովհետև մարզերում մահացությունը նույնպես բարձր է։

Կարծում եմ՝ այս համալիր գործողությունները հնարավորություն կտան խուսափելու ոչ ցանկալի դեպոպուլյացիոն միտումներից։

_________________

Հարցերին պատասխանեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Ժողովրդագրության բաժնի պետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Արտակ Մարկոսյանը:

REGST

Տարածաշրջանային Ուսումնասիրություններ / Regional Studies

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.