Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին:
Նա ընդգծել է, որ Թուրքիան պաշտպանում է Ուկրաինայի անկախությունը: Ղրիմի թաթարները թուրք-ուկրաինական հարաբերություններում կարևոր դերակատարում ունեն, ուստի, Էրդողանի խոսքով, թուրքերի համար Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանությունն ու նրանց ազգային ինքնության պահպանումն առաջնային նշանակություն ունեն:

Ղրիմի խորհրդարանի պատգամավոր Վլադիսլավ Գանժարան նշել է, որ Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Ղրիմը Ռուսաստանի մաս չճանաչելու մասին, հիասթափեցնում է և խոսում Ուկրաինայի հետ Էրդողանի խաղի մասին:
Գանժարան հայտարարել է, որ Էրդողանի հայտարարություններում բազմիցս է արտահայտվել երկակի ստանդարտների քաղաքականության կիրառումը: Նրա խոսքով՝ եթե Անկարան ցանկանում է դառնալ Մոսկվայի ռազմավարական դաշնակիցը, ապա պետք է ընդունի, որ Ղրիմը Ռուսաստանի անբաժան մասն է:
Ղրիմը Ռուսաստանի կազմն է անցել 2014թ. թերակղզում անցկացված հանրաքվեի արդյունքում, որտեղ 95 տոկոս ձայների մեծամասնությամբ Ղրիմը դարձավ ՌԴ մարզ: Վլադիմիր Պուտինը նշել է, որ թերակղզու հարցը մեկընդմիշտ փակված է, իսկ Էրդողանի հայտարարությունից հետո ռուս մի շարք պաշտոնյաներ հայտարարել են, որ Ղրիմը Ուկրաինայի կազմ կվերադառնա միայն այն դեպքում, երբ Ռուսաստանն այլև գոյություն չունենա: