Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ադրբեջանական քարոզչամեքենան համացանցում տարածում է ս.թ. օգոստոսի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում, ադրբեջանական կողմում հայտնված ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Ղազարյանի լուսանկարները: Նշվում է, որ զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, իսկ շարքային Ղազարյանի մարմնին առկա թեթև քերծվածքներն ու սպիները ներկայացվում են իբրև նրա հանդեպ գործադրված բռնության ապացույցներ:
Իրականությունը խեղաթյուրված ներկայացնելը և սեփական վայրագությունները դիմացի կողմին վերագրելը ադրբեջանական քարոզչամեքենայի վաղուց ծանոթ գործելաոճն է:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին, որոնք նպատակաուղղված են միմիայն հայ զինվորի կերպարը նսեմացնելուն և սպասել ընթացող քննության ավարտին, որի արդյունքները հասանելի են լինելու հանրությանը:
Ադրբեջանական մամուլն ավելի վաղ հաղորդել էր, որ զինծառայող Արո Հայկի Ղազարյանը Հադրութի (Ֆիզուլի) ուղղությամբ հատել է շփման գիծը և ձերբակալվել Ադրբեջանի ԶՈւ սահմանապահների կողմից:
Հարևան երկրի պաշտպանական գերատեսչությունը շտապել էր հայտարարել, թե հայ զինծառայողը փախուստի է դիմել զորամասի պահպանման տեղամասից՝ հրամանատարական կազմի և մյուս զինծառայողների կողմից ենթարկվելով ֆիզիկական և հոգեբանական ճնշումների:
Ռազմական հանցագործություններով և դաժանություններով հայտնի Ադրբեջանի ՊՆ-ը հայտնում էր, թե հայ զինծառայողն իր ծառայակիցների կողմից ենթարկվել է ծաղրի, վիրավորանքների, որոնց մասին են վկայում Ղազարյանի մարմնի վնասվածքներն ու վերքերը:
Հաղորդվում էր, որ զինվորի մատերին և մարմնի տարբեր հատվածների վրա ծխախոտ են հանգցրել, ինչի ապացույց են ներկայացվում ադրբեջանական մամուլում հրապարակված նկարները:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր, որ ադրբեջանական կողմում հայ քաղաքացի կա:
Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ օգոստոսի 12-ին, ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: